• Latest news

Հայաստանում քաղցկեղի բուժումն իրականացվում է պետպատվերով՝ վերջնական ախտորոշումից հետո. առողջապահության նախարարության խորհրդատու

7 դեկտեմբերի, 2022  20:15

Հայաստանում քաղցկեղի բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, սակայն միայն այն բանից հետո, երբ պացիենտը վերջնական ախտորոշում է ստացել։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը՝ մեկնաբանելով քաղաքացիների բողոքներն այն մասին, որ իրականում «մեր երկրում անվճար ոչինչ չկա»:

Նա բացատրեց, որ առողջության պահպանման առաջնային օղակում մարդը կարող է միայն նախնական ախտորոշում ստանալ (եւ ոչ բոլոր հետազոտություններն են անվճար), բայց ախտորոշման վերջնական հաստատումը կարելի է ստանալ միայն բիոպսիայից եւ հյուսվածքաբանական եւ/կամ բջջաբանական հետազոտությունից հետո: Այս հետազոտությունները համարվում են դժվարամատչելի եւ պետպատվերով ծածկվում են միայն սոցիալապես անապահով եւ նրանց հավասարեցված խմբերի համար, այն էլ՝ ոչ ամբողջությամբ (կառավարության  318-Ն որոշում)։

«Այսինքն՝ ուռուցքաբան-վիրաբույժը պետք է բիոպսիային միջոցով ուռուցքի նյութը վերցնի եւ այն լաբորատորիա ուղարկի՝ պարզելու, թե արդյոք դրա մեջ քաղցկեղային հյուսվածք/բջիջներ կան, թե՝ ոչ։ Այսօր, բացի հյուսվածքաբանությունից, իմունահյուսվածքաքիմիան նույնպես համարվում է պարտադիր հետազոտություն, եւ դա թանկ հետազոտություն է եւ չի ծածկվում պետպատվերով։ Բայց պացիենտը պետք է անցնի այս փուլերը, որպեսզի ունենա վերջնականապես հաստատված կամ հերքված ախտորոշում»,-ասաց նա։

Քաղցկեղի առկայության մասին հյուսվածքաբանական եզրակացություն ստանալուց հետո պացիենտը պետպատվերով ստանում է բուժման հետեւյալ փուլերը:

Վիրաբուժական բուժում

Այն ամբողջությամբ իրականացվում է պետպատվերով, կարելի է ստանալ բազմաթիվ բժշկական կենտրոններում:

Ճառագայթային թերապիա

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ամբողջությամբ իրականացվում է պետպատվերով , «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ» մասնավոր ընկերությունում՝ միայն կառավարության 318–Ն որոշմամբ սահմանված խմբերի համար, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։

Քիմիաթերապիա

Բժշկական միջամտությունն իրականացվում է պետպատվերի շրջանակում մի շարք հիվանդանոցներում, այդ թվում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Որոշ հիվանդանոցներ ունեն քիմիաթերապիայի ծառայություն, բայց քիմիաթերապիայի պետաատվեր չունեն։ Այս մասին պացիենտը միշտ նախապես տեղեկացվում է։

Իսկ ահա քիմիաթերապիայի դեղերի համար պացիենտները պետք է համավճար վճարեն, ինչն քաղաքացիների դժգոհության (շատ դեպքերում՝ աղքատացման) պատճառ է դառնում։

Հայկուհի Գյոկչյանը պարզաբանեց, որ պետությունը քիմիաթերապիայի համար տարեկան 300 000 դրամ է հատկացնում յուրաքանչյուր պացիենտի համար (600 000 դրամ ՝ սոցիալապես անապահովների համար), եւ այդ գումարի մեջ մտնում են ինչպես ներգործության, այնպես էլ դեղորայքի ծախսերը: Եթե դեղերն ավելի թանկ են, քան տվյալ գումարը, ապա պացիենտը լրացուցիչ վճարում է իր գրպանից։ Եվ քանի որ քիմիաթերապեւտիկ դեղերը, որպես կանոն, շատ ավելի թանկ են, պացիենտները բառացիորեն սննկանում են։

Այս խնդրի լուծումը Հայկուհի Գյոկչյանը տեսնում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մեջ, ինչը թույլ կտա քիմիաթերապիայի համար մի քանի անգամ ավել գումար ուղղել, քան պետությունն այսօր հատկացնում է։

Բուժում յոդի ռադիոակտիվ իզոտոպով

Այն իրականացվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ «Էրեբունի» ԲԿ-ում, պետպատվեր չկա: Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ կարելի է մտածել համաֆինանսավորման մասին, բայց պետությունը չի կարող ամբողջությամբ իր վրա վերցնել ռադիոյոդաթերապիայի ծախսերը՝ բարձր ինքնարժեքի պատճառով։

Խոսելով այն մասին, որ ամեն տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շատ հիվանդանոցներում պետպատվերը վերջանում է, եւ դա էլ քաղաքացիների բողոքների առիթ է դառնում, Գյոկչյանը նշեց, որ ամեն դեպքում ուռուցքաբանական հիմնական ծառայությունները իրականացվում են ժամանակին, այստեղ պետպատվերի հետ կապված խնդիրներ չեն առաջանում։

Ուռուցքաբանության մասով այժմ միայն ռադիոլոգիական հետազոտությունների հետ կապված խնդիրներ կան, ԿՏ եւ ՄՌՏ  հետազոտությունների համար պետպատվեր չկա, եւ պացիենտները հերթագրվում են հաջորդ տարվա համար: Նա նշեց, որ կան բժիշկներ, որոնք մեկ պացիենտի կարող են տարեկան մի քանի ՄՌՏ նշանակել, այն դեպքում, երբ ուղեցույցների համաձայն՝ նրան անհրաժեշտ է ընդամենը երկու հետազոտություն: Հայկուհի Գյոկչյանը կարծում է, որ տվյալ դեպքում գործ ունենք պետական միջոցների ոչ ռացիոնալ ծախսման հետ, եւ բժիշկների գործողությունների ավելի խիստ վերահսկողությունը կարող է խնդրի լուծում դառնալ:

Ֆինանսավորման խնդիր ունի նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության կլինիկան, քանի որ կլինիկան բացվել է հոկտեմբերին, եւ նրան պետպատվեր դեռ չի հատկացվել։ Բայց հաջորդ տարվանից սկսած այս կլինիկան նույնպես պետպատվեր կունենա, վստահեցրեց Հայկուհի Գյոկչյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել