• Latest news

Սովորական բանջարեղեններում հայտնաբերվել են հազվադեպ նյութեր, որոնք կարող են փրկել քաղցկեղից

10 հունվարի, 2023  16:14

Մորմազգիների՝ կարտոֆիլի, բադրիջանի, լոլիկի մեջ պարունակվող գլիկոալկալոիդները խոչընդոտում են քաղցկեղային բջիջների բազմացմանը։ Այսպիսի եզրահանգման են եկել լեհ գիտնականները։ Այդ օրգանական միացությունները միշտ համարվել են թունավոր, բայց, մասնագետների կարծիքով, ճիշտ չափաբաժինը կարող է թույնը վերածել դեղի։

Գլիկոալկալոիդները բույսերի մեջ ֆիտոպաթոգեններից ու խոտակերներից բնական պաշտպանության կարեւոր դեր են խաղում։ Դեղաբանության մեջ սոլանիդինը եւ նրա հոմոլոգներն օգտագործում են որպես ակտիվ նյութ լայն կիրառություն ունեցող ստերոիդ դեղերի պատրաստման համար։ Քաղցկեղի բուժման համար դրանք առայժմ չեն կիրառվել։

Լեհ գիտնականները՝ Մագդալենա Վինկելի գլխավորությամբ (Ադամ Միցկեւիչի անվան համալսարան), լաբորատորիայում, ինչպես նաեւ համակարգչային մոդելավորման օգնությամբ ուսումնասիրել են, թե ինչպես են գլիկոալկալոիդների խմբի կենսաբանորեն ակտիվ միացությունները փոխգործակցում քաղցկեղային բջիջների հետ։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ հակաուռուցքային պոտենցիալ ունեն հինգ գլիկոալկալոիդներ, որոնք պարունակվում են մորմազգիների պտուղների չմաքրված լուծույթներում՝ սոլանին, չակոնին, սոլասոնին, սոլամարգին եւ տոմատին։

Դրանց ազդեցության  կենսաբանական մեխանիզմը հիմնականում տարբեր բջջային եւ մոլեկուլյար ուղիների ակտիվացումն է, որոնք հանգեցնում են քաղցկեղային բջիջների մահվան։ Նախ՝ խոսքը ապոպտոզ եւ աուտոֆագիա պրոցեսների գործարկման մասին է։ Առաջին դեպքում չարորակ բջիջները տրոհվում են մասերի, երկրորդում ինքնաոչնչացվում են, իրենք իրենց ուտում են։

Ներբջջային մակարդակում գլիկոալկալոիդները ճնշում են  պրոլիֆերացիան, քայքայում միտոխոնդրիաները եւ բարձրացնում լիզոսոմների մեմբրանի թափանցելիությունը՝ օրգանելներ, որոնցում տեղի է ունենում մակրոմուլեկուլների վերամարսում աուտոֆագիայի դեպքում։ Արդյունքում՝ ուռուցքի աճը կանգ է առնում, արգելակվում են մետաստազները եւ շրջակա արյունատար անոթների չարորակ անգիոգենեզը (վերասերումը)։

Ուսումնասիրված հինգ միացություններից ամենաարդյունավետը սոլանինն էր, որը պարունակվում է կարտոֆիլի պտուղներում, տերեւների եւ կճեպի մեջ։ Հասուն եւ առողջ պալարներում այդ  այդ նյութը քիչ է, բայց երկար պահվող, կանաչ եւ ծլած կարտոֆիլի մեջ դրանց քանակը կտրուկ ավելանում է։ Ընդ որում՝ հատկապես շատ է հենց ծիլերում։ Ուստի, վտանգավոր է կենդանիներին կերակրել փչացած եւ ծլած կարտոֆիլով, դա կարող է հանգեցնել ծանր թունավորումների։

Բայց փոքր չափերով թունավոր գլիկոալկալոիդները բուժիչ են դառնում։ Սոլանինն արգելակում է լեյկոզային բջիջների պրոլիֆերացիան, կանգնեցնում օրգանիզմում որոշ քիմիական նյութերի վերածումը քաղցկեղածինների եւ ճնշում արդեն գոյություն ունեցող ուռուցքների մետաստազները։

Սոլանինին մոտ է չակոնինը, որը կարտոֆիլի չհասունացած ծիլերին դառնահամ է տալիս, այն ունի հակաբորբոքային հատկություններ եւ կարող է բուժել սեպսիսը։

Սոլասոնինը, որը պարունակվում է բոլոր մորմազգիներում, ազդում է քաղցկեղային ցողունային բջիջների վրա, որոնք հիմնականում որոշում են բուժման հանդեպ ուռուցքի կայունությունը։

Սոլամարգինը, որը հիմնականում պարունակվում է բադրիջանի մեջ, կանգնեցնում է լյարդի քաղցկեղային բջիջների բազմացումը։

Տոմատինը, որը հայտնաբերվել է լոլիկի ցողունների եւ տերեւների մեջ (եւ շատ ավելի քիչ՝ պտուղներում) նպաստում է օրգանիզմի բջջային ցիկլին ընդհանրապես՝ բարձրացնելով դիմակայությունը կանցերոգենեզին։

Հեղինակներն ապացուցել են, որ գլիկոալկալոիդները թերապեւտիկ չափերով թունավոր չեն (դրանք համեմատել են լայնորեն տարածված տետրացիկլին եւ դոկսորուբիցին հակաբիոտիկների հետ), չեն վնասում ԴՆԹ-ն եւ չեն հանգեցնում ուռուցքների ռեցիդիվի։ Միակ հնարավոր կողմնակի ազդեցությունը կարճաժամկետ բացասական ազդեցությունն է վերարտադրողական համակարգի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել