• Latest news

ԱՄՆ-ում հավանության է արժանացել ավելորդ քաշի դեմ առաջին անվտանգ դեղամիջոցը

18 հունվարի, 2023  14:51

ԱՄՆ-ում մեծահասակներին եւ դեռահասներին թույլատրել են օգտագործել աշխարհում առաջին անվտանգ եւ արդյունավետ դեղամիջոցը ճարպակալման դեմ։ Դեղամիջոցը կոչվում է սեմագլուտիդ, դրա ստեղծման վրա աշխատել են 30 տարի։ Կլինիկական հետազոտությունները կատարվել են ութ երկրներում, այդ թվում Ռուսաստանում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մինչ այժմ կարծիք կար, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ պարզապես կամքի ուժ չունեն նիհարելու համար։ Պատկերացումների փոփոխությունը տեղի ունեցավ 1990-ականների կեսերին, երբ հայտնաբերվեց լեպտին հորմոնը կոդավորող գենը, որն արտադրվում է ճարպային հյուսվածքի կողմից եւ կուշտ լինելու զգացողություն է առաջացնում։ Լաբորատոր մկները, որոնք այդ գենի մուացիաներ ունեին, աչքի էին ընկնում անչափ մեծ ախորժակով եւ արագ գիրանում էին։ Սննդի մեջ լեպտինի ավելացումը նվազեցնում էր քաղցի զգացողությունը, եւ կենդանիները նիհարում էին։

Հայտնի է նաեւ, որ ենթաստամոքսային գեղձի ինսուլինի սեկրեցիան խթանող եւ շաքարի մակարդակն իջեցնող հորմոն-ինկրետինները՝ գլյուկոզայից կախում ունեցող ինսուլինատրոպ պոլիպեպտիդը (GIP) եւ գլյուկոնանման պեպտիդ-1-ը (GLP-1), մարմնի զանգվածը որոշող գործոններից են։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ճարպակալման գլխավոր պատճառը կոնկրետ ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարումն է։ Նշանակում է՝ դա հիվանդություն է, եւ այն կարելի է բուժել։

2000-ականներին FDA ամերիկյան գործակալությունն սկսեց հավանություն տալ երկրորդ տեսակի դիաբետի բուժման դեղամիջոցներին, որոնք GLP-1հորմոնն էին «նմանակում»։  Հետազոտությունների մասնակիցները քաշը կորցնում էին ախորժակը կարգավորող եւ մարսողությունը դանդաղեցնող ռեցեպտորների վրա GLP-1-ի ազդեցության պատճառով։ Դրանից հետո դեղագործական ընկերությունները որոշեցին ստուգել, թե կարելի է արդյոք դիաբետի դեմ դեղերն օգտագործել քաշն իջեցնելու համար, բայց դրանք մեծ արդյունավետությամբ աչքի չընկան։

2021թ. սկզբին Novo Nordisk դանիական ընկերությունը տեղեկացրեց ճարպակալման բուժման նոր դեղամիջոցի՝ սեմագլուտիդի կլինիկական փորձրակումների երրորդ փուլի հաջող ավարտի մասին։ Նրանք, ովքեր ամեն շաբաթ ներարկվում էին, 16 ամիս հետո միջինը կորցրել են մարմնի զանգվածի 14,9 տոկոսը։ Դեղամիջոցը նաեւ կողմնակի ազդեցություններ չուներ։

Դեղամիջոցը նաեւ առաջ է բերում GLP-1 հորմոնի ազդեցություն, բայց այն, նախ, շարունակվող ադեցություն ունի, այսինքն՝ շատ ավելի քիչ են կողմնակի ազդեցությունները, եւ երկրորդ՝ ավելի հասանելի է ուղեղի՝ ախորժակը կարգավորող հատվածների համար։

Բայց դեղագործության ոլորտում իսկական հեղափոխական առաջընթաց էր FDA-ի կողմից սեմագլուտիդին հավանություն տալը 12 եւ ավելի բարձր տարիքի դեռահասների ճարպակալումը բուժելու համար։

Novo Nordisk ընկերության կատարած կլինիկական փորձերի արդյունքները ցույց են տվել, որ 16 ամսվա ընթացքում ամենշաբաթյա ներարկումների դեպքում դեռահասների մոտ մեկ երրորդի մոտ  մարմնի զանգվածը կրճատվել է ավելի քան 20 տոկոսով։ Արյան մեջ կարգավորվել են շաքարի եւ ցածր խտության խոլեստերինի մակարդակները, բարելավվել են սիրտ-անոթային համակարգի ցուցանիշները։

Կարեւոր է նշել, որ սեմագլուտիդ ստացողների 79 տոկոսն ունեցել է կողմնակի ազդեցություններ՝ աղեստամոքսային խանգարումներ, արյան ճնշման իջեցում, ցան եւ քոր։ Բայց ընդհանուր առմամբ ախտանշանների ծանրությունն ավելի ցածր էր, քան նախորդ դեղամիջոցների դեպքում։

Դեղագործներն առայժմ չեն կարող ասել, թե որքանով կայուն կլինի սեմագլուտիդով բուժմամբ ձեռք բերված արդյունքը։ Գուցե դեղամիջոցը պետք է օգտագործել ամբողջ կյանքում։ Սա հիմա ամենակարեւոր հարցն է՝ նկատի ունենալով այն, որ ներարկումների ամսական կուրսն արժե ավելի քան 1 300 դոլար, իսկ կուտակային էֆեկտը անգամ ոչ մեծ կողմնակի ազդեցությունների դեպքում առայժմ ոչ ոք չի գնահատել։

Այնուամենայնիվ, համաձայն մամուլի հաղորդագրության, Novo Nordisk-ը նախատեսում է սեմագլուտիդի զանգվածային արտադրություն ամենամոտ ժամանակներս։

Այժմ գիտնականները ուշադրությունը սեւեռել են էլ ավելի արդյունավետ եւ անվտանգ դեղամիջոցի՝ տիրզեպատիդի վրա։ Սա առաջին դեղամիջոցն է, որը միաժամանակ ակտիվացնում է GLP-1 եւ GIP ռեցեպտորները, ինչը հագեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման։ 2022թ. մայիսին այս դեղամիջոցը հավանության է արժանացել 2-րդ տեսակի դիաբետի բուժման համար ԱՄՆ-ում, իսկ նույն թվականի աշնանը՝ Եվրամիությունում, Կանադայում եւ Ավստրալիայում։

Ամերիկյան Eli Lilly ընկերության մշակած դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների 3a  փուլի  արդյունքները ցույց են տվել, որ վեց ամիս հետո, որոնց ընթացքում պացիենտներն ամեն շաբաթ ենթամաշկային ներարկումներ են ստացել, նրանց մարմնի զանգվածը նվազել է միջինը 21 տոկոսով։ Իսկ առանձին դեպքերում՝ 30 եւ ավելի, ընդ որում՝ ձեռք բերված մակարդակը պահպանվել է մեկ-երկու տարի։ Մինչ այդ նման արդյունք ձեռք էր բերվել միայն բարիատրիկ վիրաբուժության օգնությամբ։

Փորձարկումների 3b փուլից հետո, որոնք պետք է ավարտվեն 2030թ. ապրիլին, ընկերությունը նախատեսում է  տիրզեպատիդի օգտագործման հայտ ներկայացնել ճարպակալումը բուժելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել