• Latest news

Ինչ է առաջարկում պետությունը 36 տարեկանից բարձր անպտղությամբ կանանց. պարզաբանում են բժիշկները

23 հունվարի, 2023  20:45

Հայաստանում ամուսնական զույգերի 15 տոկոսը կամ ամեն 7–րդ զույգը վերարտադրողական խնդիրներ ունի։ Երկրում տարեկան առնվազն 4500 վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարիք է լինում։ Սրանք 2022 թվականին իրականացված հետազոտության արդյունքերն են, որոնց հիման վրա պետությունը 2023 թվականի սկզբից ընդլայնեց անպտղության դեմ պայքարի ծրագիրը։  Նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հայտարարել, որ ծրագիրն այժմ ընդգրկում է անպտղություն ունեցող բոլոր կանանց, սակայն պարզվեց, որ այն ունի որոշակի տարիքային սահմանափակումներ՝ արտամարմնային բեղմնավորում կիրականացվի միայն մինչև 36 տարեկան կանանց։ 

«Ֆերտիլիտի» պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը պարզաբանում է, որ ծրագրում ընդգրկված է 3 խումբ։ 20-36 տարեկան անպտղություն ունեցող կանանց համար նախատեսված է համապարփակ փաթեթ, որը ներառում  է հետազոտություններ, վերարտադրողական առողջության հետ կապված վիրահատություններ, և անպտղության բուժում, ներառյալ կոնսերվատիվ բուժում, ներարգանդային սերմնավորում և արտամարմնային բեղմնավորում։ Երկրորդ խումբը 36-42 տարեկան կանայք են, որոնց համար պետությունը կհատուցի միայն ներարգանդային սերմնավորումը։ Երրորդ խումբը սահմանամերձ շրջաններում 20-36 տարեկան այն կանայք են, որոնք ունեն երեխա, բայց ուսում են ունենալ երկրորդ կամ երրորդ բալիկին։  

Ե՞րբ է զույգը համարվում անպտուղ, և բուժման ի՞նչ եղանակներ կան։ «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգ Կարինե Կիրակոսյանը նշում է, որ կան անպտղության բուժման կոնսերվատիվ և օժանդակ տեխնոլոգիաներով եղանակներ։

Նրա խոսքով, հիմնական խնդիրը անպտղության պատճառաբանությունը գտնելն է, որը թույլ կտա բուժում ճիշտ ռազմավարություն ընտրել։ Կարող է իրականացվել կոնսերվատիվ բուժում, որի շնորհիվ կինը կարող է հղիանալ բնական ճանապարհով, կամ կատարվել ներարգանդային սերմնավորում , կամ էլ վերջին տարբերակը՝ արտամարմնային բեղմնավորում։

«ԱՄԲ Աջակցություն» ֆեյսբուքյան խմբում, որը գործում է արդեն  8  տարի և կոչված է աջակցելու վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին, այս պահին 1300–ից ավելի կին կա գրանցված։ Նրանց մեծ մասը կկարողանա օգտվել պետական նոր ծրագրից, բայց մի մասը տարիքային անհամապատասխանության պատճառով դուրս կմնա։ Խմբի ադմինիստրատոր Անուշ Մկրտչյանը նշում է, որ խմբում գրեթե բոլոր կանայք արտամարմնային բեղմնավորման  կարիք ունեն, նրանցից մոտ 200–ը 36 տարեկանից բարձր են։ Նրանք բոլորն ունեն արտամարմնային բեղմնավորման կարիք, բայց այս ծրագրից օգտվել չեն կարող։

Ի՞նչ կարող է առաջարկել պետությունն այս կանանց։ Էդուարդ Համբարձումյանը նշում է, որ ծրագրում ընդգրկված խմբերի տարիքային շեմը սահմանվել է առավել բարձր արդյունավետություն ապահովելու  նպատակով, իսկ ծրագրից դուրս մնացած կանայք պետք է փորձեն աջակցություն ստանալ բարեգործական հիմնադրամներից։

Անուշ Մկրտչյանի խոսքով՝ 8 տարվա ընթացքում շատ է փորձել գումարներ ներգրավել խմբի կանանց օգնելու համար, բայց մեծ հաջողության չի հասել։ Իսկ արտամարմնային բեղմնավորումը շատ թանկ է մեր երկրում, և խմբի շատ կանայք ստիպված են վարկ վերցնել կամ պարտքով գումար գտնել։

Խմբի կանայք ասում են, որ տարիներ են կորցրել ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով, այլև՝ երկարատև, բայց անօգուտ բուժման։  Ըստ բժիշկների՝  խնդիրը երկկողմանի է՝ և բժիշկներն են ձգձգում ընթացքը, և զույգերն են շատ դեպքերում ուշ դիմում ։

Կարինե Կիրակոսյանի խոսքով, բուժման բոլոր փուլերը պետք է ունենան հստակ ժամկետներ, կոնսերվատիվ բուժումը պետք է տևի 6 ամիս, եթե այն անարդյունավետ է, ապա պետք է անցնել օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը, և եթե ամեն բան ճիշտ արվի, ապա բժշկի դիմելուց մեկ–մեկուկես տարի անց կինը պետք է հղիանա։

Հունվարի սկզբից ծրագրում ընդգրկված բուժկենտրոններում զույգերի մեծ հոսք կա, կենտրոններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ։ Բժիշկները վստահ են, որ կկարողանան բոլորին ժամանակին բուժօգնություն տրամադրել, և մեկ տարի անց ծրագրի ազդեցությունն արդեն նկատելի կլինի։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել