• Latest news

Հայ պացիենտին դրդում են օրենքի խախտմամբ դեղեր ձեռք բերել. փորձագետը՝ օնկոլոգիական դեղամիջոցների հասանելիության մասին 

3 փետրվարի, 2023  17:30

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2021 թվականին քաղցկեղից մահացել է 4925 մարդ (մահվան ընդհանուր թվի 15,7 տոկոսը), իսկ 2022 թվականին՝ 4712 մարդ (մահվան ընդհանուր թվի 19,1 տոկոսը)։ ԱՀԿ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր 6-րդ մարդ մահանում է քաղցկեղից։

Քաղցկեղի պատճառները կարող են շատ տարբեր լինել:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վիոլետա Զոփունյանը կարեւորեց առողջ ապրելակերպ վարելը եւ ժամանակին հետազոտություններ անցնելը։ Կարեւոր է նաեւ հետազոտության մշակույթի զարգացումը, ինչին, նրա գնահատմամբ, կարող է նպաստել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը։

«HENARAN» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանը մատնանշեց թե բուժման, թե մահացության վիճակագրության հավաքագրման խնդիրը։ Օրինակ՝ Հայաստանի մարզերում քաղցկեղով հիվանդ մարդու մահվան դեպքում մահը կարող է վերագրվել հենց քաղցկեղին, թեեւ պատճառ կարող են լինել նաեւ ուղեկցող հիվանդությունները։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն երկու տարի է՝ իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման անվճար պիլոտային սքրինինգային ծրագիր, որն ավարտվել է Տավուշում եւ Լոռիում եւ իրականացվում է արդեն Սյունիքում:

«Տավուշում եւ Լոռիում մոտ 1000 կանանց մոտ կասկած է առաջացել, եւ նրանց տեղեկացրել են անվճար կլինիկական հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Եվ ահա, այդ 1000 կանանցից 300-ը դեռ չեն ներկայացել Երեւան՝ հետազոտության։ Եվ չկան երաշխիքներ, որ այդ կանայք որոշ ժամանակ անց չեն գա բարդություններով՝ խնդիրներ ստեղծելով եւ՛ իրենց, եւ՛ պետության համար։

Ամենամեծ վախերից մեկն այն է, որ քաղցկեղը համարվում է անբուժելի հիվանդություն: Միգուցե 30-40 տարի առաջ Հայաստանում դա իսկապես այդպես էր, բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Հայաստանում արագ տեմպերով զարգանում է բժշկությունը, այդ թվում՝ վաղ ախտորոշումը»,-նշեց փորձագետը։

Նա մատնանշեց այլ բժիշկներից երկրորդ եւ երրորդ կարծիքներ ստանալու կարեւորությունը: Բացի այդ, կարեւոր է բուժումն ավարտին հասցնել եւ չընդհատել, հակառակ դեպքում արդյունավետությունը կտրուկ նվազում է:

Անդրադառնալով դեղորայքի խնդրին՝ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում շատ ժամանակակից դեղամիջոցներ գրանցված չեն։ Անձնական օգտագործման համար նման դեղամիջոցներ հիվանդը կարող է ներմուծել։

«Ռուսական շուկան գերհագեցած է կեղծ դեղամիջոցներով, եւ ոչ մի համակարգային միջոց չի ձեռնարկվում։ Եվրոպական շուկայից որակյալ դեղեր կարելի է գնել, բայց դրանք ազատ վաճառքում չեն կարող լինել։ Արդյունքում հայ հիվանդին դրդում են դեղ ձեռք բերել, այդ թվում՝ օրենքի խախտմամբ»,-նկատեց նա։

Իր հերթին, Վիոլետա Զոփունյանը պարզաբանեց, որ դեղերի խնդիրն այն է, որ հայկական շուկան փոքր է։   

«Առողջապահության նախարարությունը պետք է միջամտի եւ լուծի խնդիրը, քանի որ յուրաքանչյուր երկրիր ունի դեղատոմսերի դուրսգրման եւ դեղերի վաճառքի իր առանձնահատկությունները»,-հավելեց նա։

Կադրերի պատրաստման մասով Հռիփսիմե Մարտիրոսյանը քննադատեց սերտիֆիկացման համակարգը, որը, նրա համոզմամբ, չի կատարում բուժաշխատողների մասնագիտական որակների զարգացմանն ուղղված իր հայտարարված գործառույթը։

«Կրեդիտները հնարավոր է հավաքել նաեւ գիտական տարբեր միջոցառումների մասնակցելու դեպքում։ Սակայն չկան մեխանիզմներ՝ ստուգելու, թե ինչ գիտելիքներ է կուտակել այս կամ այն բուժաշխատողը՝ մասնակցելով նման միջոցառումների։ Ուստի միջոցառման անցկացման ժամանակահատվածի համար գործնական գործունեությունը պետք է սառեցվի»,-եզրափակեց նա։

Նշենք, որ փետրվարի 4-ին նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել