• Latest news

Wigmore-ից պատասխանել են Թորոսյանին. բուժաշխատողն իսկապես վարակվել է կարմրուկով, բայց նա պատվաստված է եղել 

11 մարտի, 2023  14:37

Wigmore Hospital for Children կլինիկայում իսկապես տեղի է ունեցել բուժաշխատողի՝ կարմրուկով վարակման դեպք, սակայն նա պատվաստված է եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կլինիկայի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր, նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանում կարմրուկի փոխանցման օղակում եղել է նաեւ չպատվաստված բուժաշխատող։

Նա հավաստիացրեց, որ կինը ժամանակին պատվաստվել է, սակայն նրա իմունիտետը թուլացել է որոշակի դեղամիջոցներ ընդունելու պատճառով։ Մասնագետը պարզաբանեց, որ կան որոշակի հատուկ դեղամիջոցներ, օրինակ՝ պրեդնեզալոն կամ օնկոպրեպարատներ, որոնք ճնշում են իմունիտետը, եւ դրանց ցանկը ներկայացված է նաեւ Հայաստանի իմունականխարգելման ուղեցույցներում։ Առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուց հետո բուժաշխատողը բուժման համար ուղղորդվել է մասնագիտացված բուժհաստատություն։

Հրաչուհի Ղազարյանը հաստատեց, որ առաջին երեխան, որից սկսվել է Հայաստանում կարմրուկի բռնկումը, հոսպիտալացվել է իրենց մոտ: Վերջինս Հայաստան արտերկրից ժամանած նախադպրոցական տարիքի երեխա է։ Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում հիվանդությունն ունի բոլոր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանիշներ՝ ջերմության բարձրացում, կոկորդի ցավ, քթից արտադրություն, հազ, ուստի առաջին օրերին հնարավոր չէ կարմրուկը տարբերել շնչառական այլ հիվանդություններից։ Բայց հենց հայտնվել է հիվանդության բնորոշ նշանը՝ ցանը, ըստ գործող ուղեցույցների, երեխայից նմուշ է վերցվել լաբորատոր հետազոտության համար, իսկ ախտորոշումը հաստատվելուց հետո այդ մասին տեղեկացվել են բոլոր համապատասխան կառույցները։

Ընդհանուր առմամբ, Wigmore Hospital for Children-ում բուժում է ստացել կարմրուկով 14 հիվանդ, որոնցից 13-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մեկը շարունակում է բուժում ստանալ: Հրաչուհի Ղազարյանի խոսքով՝ երեխաները, որոնք իրենց կլինիկայում սկսել են ստացիոնար բուժում ստանալ մինչեւ կարմրուկի բնորոշ ախտանիշների ի հայտ գալը, բուժումը շարունակել են նաեւ ախտորոշումը հաստատելուց հետո: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ամբուլատոր դիմած պացիենտներն արդեն ունեցել են կարմրուկի կասկած, նրանք ուղղորդվել են ինֆեկցիոն հիվանդանոց։

Հրաչուհի Ղազարյանը նաեւ վստահեցրեց, որ Wigmore կլինիկայում հիվանդության ներհիվանդանոցային փոխանցման դեպքեր այլ պատճառներով հոսպիտալացված երեխաներին մինչ օրս չեն արձանագրվել:

Կլինիկայի իմունիզացիայի ծրագրի պատասխանատու, մանկաբույժ Լիլիթ Մարությանի կարծիքով՝ բռնկման պատճառներից մեկը վերջին տարիների միտումն է, երբ ծնողները հրաժարվում են երեխաներին պատվաստելուց: Սա հանգեցրել է կոլեկտիվ իմունիտետի նվազեցման։ Երկրորդ պատճառը երկիր ժամանածների մեծ հոսքն է, որոնք հնարավորություն չեն ունեցել ստանալ պլանային պատվաստումներ։ 

Նրա խոսքով՝ առաջին երեխայի մոտ ախտորոշումը հաստատելուց հետո հայտնաբերվել են բոլոր կոնտակտավորները, որոնք 72 ժամվա ընթացքում ստացել են այսպես կոչված հետազդանշանային պատվաստում։ Իսկ տարիքային խումբը, որին հակացուցված է պատվաստումը (մինչեւ 1 տարեկան երեխաներ), ստացել է իմունագլոբուլիններ։ «Կատարվել է ավելի քան 200 չափաբաժին պատվաստում, այդ թվում հիվանդանոցի անձնակազմին»,-ասաց նա։ 

Գործառնական մասով կլինիկայի փոխտնօրեն Շահանե Մնացականյանը նշեց, որ այս օրերին իրեն անընդհատ հարցնում են, թե ինչու են կարմրուկով հիվանդ երեխաները բուժվում բազմապրոֆիլ հիվանդանոցում, այլ ոչ թե ինֆեկցիոն հիվանդանոցում: Նա պարզաբանեց, որ այսօր զարգացած երկրներում ինֆեկցիոն հիվանդանոցների մոդել չկա, բոլոր վարակիչ հիվանդությունները բուժվում են բազմապրոֆիլ հիվանդանոցներում պատշաճ վերահսկողության ապահովման պարագայում։

Շահանե Մնացականյանը հավելեց, որ Wigmore Hospital for Children-ը կառուցվել է հոսպիտալաշինության ժամանակակից նորմերով: Այն ունի համընդհանուր շատ հզոր օդափոխման համակարգ, ինչպես նաեւ յուրաքանչյուր պալատում օդափոխման լոկալ համակարգեր։ Իսկ մեկուսիչ հիվանդասենյակներում կա բացասական ճնշմամբ օդափոխման համակարգ, և այս մեկուսարանների օդը չի հաղորդակցվում ընդհանուր համակարգի հետ։ 

Զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը հերքեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ հիվանդանոցի կապի մասին շրջանառվող լուրերը՝ վստահեցնելով, որ հիվանդանոցի բոլոր ներդրողներն օտարերկրացիներ են:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 3-ից կարմրուկի բռնկում է գրանցվել։ Մարտի 10-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը կազմել է 46։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է