• Latest news

Գիտնականները գտել են ակնթարթորեն սթափանալու միջոցը

22 մարտի, 2023  12:22

Գիտնականներն ընդհուպ մոտեցել են ալկոհոլային թունավորման դեմ դեղամիջոցի ստեղծմանը։ Նրանք դրա համար առաջարկել են օգտագործել FGF21 հորմոնը (21 ֆիբրոպլաստների աճի գործոն), որն արտադրվում է լյարդում՝ էթանոլի առկայության դեպքում, կանխում է ջրազրկումը եւ օգնում խուսափել լյարդի ախտահարումից։

Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի հետազոտողներն ապացուցել են, որ այդ հորմոնը կարեւոր դեր է խաղում էթանոլի վնասակար ազդեցությունների վերացման գործում։ Այն ոչ միայն մասնակցում է ալկոհոլի մետաբոլիզմին, այլեւ ազդանշան է ուղարկում ուղեղին՝ թունավորումից պաշտպանվելու կենսաքիմիական ռեակցիա սկսելու համար։

«Արդյունքները ցույց են տալիս, որ ուղեղը FGF21-ի գործողության հիմնական տեղն է»,- մամուլի հաղորդագրությունում մեջբերվել են հետազոտության հեղինակներից մեկի՝ կենսաքիմիկոս Դեւիդ Մանգելսդորֆի խոսքերը։- Այժմ մենք ավելի մանրամասն ենք ուսումնասիրում նեյրոնային ուղիները, որոնց օգնությամբ FGF21-ը թողնում է սթափեցնող ազդեցություն»։

Հեղինակները ստեղծել են FGF21-ից զրկված լաբորատոր մկների գիծ։ Էթանոլի ազդեցությունից հետո վերականգնվելու համար նրանց երկու անգամ ավելի շատ ժամանակ էր պետք։ Նրանց մոտ, հսկիչ խմբի առանձնյակների համեմատ, ավելի երկար էին պահպանվում գիտակցության խախտման եւ հավասարակշռության կորստի նշանները։ Եվ հակառակը, «հակաալկոհոլային» հորմոնի լրացուցիչ ներարկումներն արագացնում էին «ապաքինման» պրոցեսը։ Ընդ որում՝ ալկոհոլի քայքայման ռեակցիաները բոլոր կենդանիների մոտ անցնում էին նույն արագությամբ։

Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ FGF21-ը թափանցում է հեմատոէնցեֆալիտային պատնեշով եւ ազդում ռեցեպտորների վրա ուղեղի սպեցիֆիկ հատվածում, որը կոչվում է կապույտ բիծ։ Այս հատվածում է առաջանում նորադրենալինը՝ հորմոն, որն անվանում են «առույգության միջնորդ»։ Այն կարգավորում է զգոնությունը, պատասխանում քնից արթնանալու եւ օրգանիզմի շտապ մոբիլիզացման համար (այսպես կոչված «խփիր կամ փախիր» ռեակցիա)։

Որպես կանոն, ալկոհոլը ճնշում է նեյրոնային ակտիվությունը կապույտ բծում եւ նորադրենալինի առաջացումը։ Այստեղից էլ՝ քնկոտությունն ու մկանային կոորդինացիայի կորուստը։ FGF21 հորմոնն արգելակում է այս ռեակցիան։

Գիտնականները գրեթե համոզված են, որ մարդկանց մոտ այդ հորմոնը, ինչպես եւ մկների մոտ, խթանում է նորադրենալինի առաջացումը, եւ ապագայում FGF21-ի հիման վրա կարելի է ստեղծել արագ ազդող դեղամիջոց, որը կվերացնի ալկոհոլային թունավորման ախտանշանները եւ կպաշտպանի լյարդը։ Սակայն դրանում համոզվելու համար լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն կա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է