• Latest news

8–ամյա երեխան վերջնականապես կբուժվի էպիլեպսիայից. նորագույն տեխնոլոգիաներ՝ «Արաբկիր» ԲՀ–ում

21 մարտի, 2023  17:58

«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվել է 8–ամյա աղջնակի Էպիլեպսիայի վիրահատական բուժում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մոտ մի քանի տարի նկատվող էպիլեպտիկ նոպաների պատճառը գլխուղեղի բավականին մեծ ուռուցքն էր, որի հեռացման ընթացքում նեյրոմոնիտորինգի օգնությամբ շրջանցվել են շարժիչ նյարդաթելերը՝ երեխայի շարժողական ֆունկցիաները չվնասելու համար։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը, այս հիվանդի պարագայում խնդիրը ոչ թե բուն ուռուցքն էր, այլ ուռուցքի կողմից գլխուղեղի համապատասխան զոնաների սեղմումը եւ առաջացրած էպիլեպսիան։

Ի՞նչ է նեյրոմոնիտորինգը

«Նեյրոմոնիտորինգը շատ կարեւոր էր տվյալ վիրահատության համար, քանի որ ուռուցքը անմիջապես հարում էր ուղեղի շարժիչ զոնաներին և գլխուղեղի կեղեւի շարժիչ զոնաներին, ինչպես նաև համապատասխան ուղիներին։ Ուռուցքի ամեն միլիմետրը հեռացնելիս մենք հատուկ գործիքով ստիմուլացնում ենք ուղեղի հյուսվածքը։

Կախված նրանից, թե հոսանքի ինչ ուժով ենք ստիմուլացնում, որպեսզի ստանանք արձագանք, մենք գնահատում ենք, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում համապատասխան շարժիչ նյարդաթելերից։ Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որպեսզի վիրահատության արդյունքում, հետվիրահատական շրջանում մենք չունենանք որեւիցե դեֆիցիտ, եւ որեւէ կերպ չվնասենք մարմնի որեւէ շարժման ունակությունը», – ասաց նա։

Նիկո Արզումանյանի խոսքով՝ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով, այն նոր ուղղություններից է, որը յուրացնում են «Արաբկիր» բժշկական համալիրում։ Մինչեւ այժմ նման վիրահատություններն այստեղ կատարվում էին օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, սակայն այժմ «Արաբկիր» ԲՀ–ի բժիշկները վիրահատարանում ինքնուրույն են աշխատում։

Վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ ու պինդ է եղել։ Բժիշկներից բազմակի ջանքեր ու ժամանակ է պահանջվել՝ առանց գլխուղեղի անոթներն ու նյարդերը վնասելու այն հեռացնելու համար։

Ինչպես ներկայացրեց Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, երեխան մի քանի տարի գտնվել է «Արաբկիր» ԲՀ բժիշկների հսկողության ներքո, նրա հիվանդությունն ի հայտ է եկել ցնցումներով, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ՄՌՏ, վիդեո ԷԷԳ մոնիտորինգ, հայտնաբերվել է աջ գագաթային շրջանի ուռուցք եւ էպիակտիվություն նույն հատվածից։

«Առաջին անգամ Հայաստանում կատարվեց տրակտոգրաֆիա, որը թույլ տվեց հասկանալ, որ ուռուցքն իր մեջ կարեւոր նյարդաթելեր չի պարունակում: Այնուամենայնիվ, մեր նյարդավիրաբույժները նախընտրեցին ավելի ապահով լինելու համար վիրահատության ժամանակ կիրառել նեյրոմոնիտորինգ», – ասաց նա։

Վիդեո ԷԷԳ

Էպիլեպսիայի ախտորոշման ամենակարեւոր հետազոտություններից մեկը մնում է էէԳ–ն՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիան։ Վիդեո ԷԷԳ–ն կամ տեսաէլեկտրաուղեղագրությունը «Արաբկիր» համալիրում կիրառվող նորագույն մեթոդներից է։ Այն տեւական ժամանակահատվածում ուղեղի էլեկտրական ակտիվությունը գրանցող հետազոտություն է, որն էապես մեծացնում է էպիլեպսիայի օջախների ճշգրիտ ախտորոշման հավանականությունը։

«Էլեկտրոդներ են ամրացվում հատուկ պաստայով մեր փոքրիկների և մեծահասակների գլխին, եւ հիվանդները 24, 48 կամ 72 ժամ լինում են հիվանդանոցում։ Ապա բժշկի կողմից վերծանվում է այդ հետազոտությունը, փորձում է հասկանալ, որտեղից է գալիս այդ էլեկտրական ակտիվությունը։ Եթե մի շարք հետազոտություններ հաստատում են, համընկնում են, բոլորը ցույց են տալիս նույն էպիլեպտոգեն օջախը, ապա հիվանդի շանսերը հետագայում ազատվելու այդ հիվանդությունից վիրահատական միջամտությամբ բավականին բարձր է լինում», – բացատրեց նա։

Մի քանի ամիս անց վիրահատված երեխան նորից ԷԷԳ մոնիտորինգ կանցնի, վիրահատության արդյունավետությունը ստուգելու համար։ Նա եւս մի քանի տարի կընդունի իր դեղամիջոցները, որից հետո, բժիշկները վստահ են՝ վերջնակապես կազատվի էպիլեպսիայից եւ կապրի լիարժեք առողջ կյանքով։

Էպիլեպսիայի վիճակագրությունը

Ծառայության ղեկավարի տվյալներով՝ Էպիլեպսիայի դեպքերի 70%-ը ենթակա է դեղորայքային բուժման, 30%-ի դեպքում հիվանդությունը դժվար է կառավարվում, եւ նրանց 15%-ին վիրաբուժական բուժում է ցուցված։

Հայաստանում էպիլեպսիա ունեցող բոլոր երեխաները «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ են։ Ոչ միայն երեխաները. էպիլեպսիայով եւ այլ նյարդաբանական հիվանդություններով բազմաթիվ մեծահասակ պացիենտներ էլ են բուժում ստանում հիվանդանոցում՝ ասում է Բիայնա Սուխուդյանը:

«Մեր հսկողության տակ են 0-18 տարեկան բալիկները, նրանք 3600–ից ավելին են հիմա, բոլորն ունեն էպիլեպսիայի այս կամ այն տեսակները, գենետիկական կամ ձեռքբերովի։

Այսինքն այսօր մենք մեր հսկողության տակ ունենք բալիկներ, ինչպես նաեւ մեծեր, ընդհանուր առմամբ պետական ծրագիրը ներառում է մինչեւ 40 տարեկաններին, որոնք պոտենցիալ կարող են վիրահատության թեկնածուներ հանդիսանալ, եւ մեզ դիմում են նաեւ մեծահասակներ տարբեր դեղորայքակայուն էպիլեպսիաներով», – ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է