• Latest news

«Նորք Մարաշ» եւ «Արմենիա» ԲԿ–ները մտադիր են  վիճարկել ՊՎԾ–ի արձանագրած խախտումները

29 մարտի, 2023  18:29

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի ադմինիստրացիան համաձայն չէ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից գրանցված խախտումների չափի հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Նորք Մարաշ» ԲԿ–ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ պարզաբանելով ՊՎԾ–ի տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, 6 բուժկենտրոններում արձանագրվել են խախտումներ՝ ընդհանուր շուրջ 542 մլն դրամ ծավալով։

Ըստ ՊՎԾ–ի՝ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: «Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Մենք գտնում ենք, որ խախտումները տասնյակ անգամ ավելի քիչ են եւ զուտ ընթացակարգային են, ինչի հետ կապված մենք տվել ենք պարզաբանումներ եւ առարկություններ, եւ եթե այս գումարը չվերանայվի, ապա կդիմենք համապատասխան մարմինների՝ մեր իրավունքները պաշտպանելու նպատակով», – ասաց Միքայել Ադամյանը։

«Արմենիա» բժշկական կենտրոնում եւս համաձայն չեն գրանցված խախտումների չափի հետ։ Ըստ ՊՎԾ–ի՝ ««Արմենիա» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում բուժկենտրոնի ֆինանսական գծով տնօրենի տեղակալ Նորայր Քրմոյանը նշեց, որ իրենք ուսումնասիրություն են կատարել ՊՎԾ–ի տրամադրած տեղեկանքում նշված խախտումների առնչությամբ, եւ ներկայացրել են իրենց առարկությունները։ Սակայն չստանալով արձագանք, պատրաստվում են դիմել դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։

«Արաբկիր» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ ամբողջ գումարը վերականգնել են պետբյուջե, ինչը եւ արձանագրել է ՊՎԾ–ն։ ««Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ», – ասվում է ՊՎԾ հաղորդագրության մեջ։

Ամենաշատ խախտումները ՊՎԾ–ն արձանագրել է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի չափով, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Նաիրի» ԲԿ–ից NEWS.am Medicine–ին պատասխանեցին, որ այս փուլում զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից եւ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից եւս չցանկացան մեկնաբանել ՊՎԾ ուսումնասիրության արդյունքները։

Ըստ պետական վերահսկողական ծառայության՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ։ «Շենգավիթ» ԲԿ–ում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Երկու բուժկենտրոնների համար կազմվել են ժամանակացույցներ խախտումների գումարը ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել