• Latest news

Առողջապահության նախարարը  անխորտակելի է դեղերի ոլորտը խորտակելու ճակատում. Վահե Վարսանյան

30 մարտի, 2023  20:17

Առողջապահության նախարարության կողմից հակաուռուցքային եւ հոգեմետ եւ մի քանի այլ խմբերի չգրանցված դեղերի նոյեմբերի 10-ից մինչեւ փետրվարի 28-ը գործող ներմուծման թույլտվությունը չերկարացվեց : Այդ թույլտվությանն էլ հաջողվել էր հասնել մեր ճնշումների ու պացիենտների անելանելի վիճակի եւ դժգոհության արդյունքում: Այս մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։

«Մենք պայքարում ենք՝ բացատրում իրավիճակը, որ թույլատրեն ներմուծել ու ապահովել առհասարակ բոլոր կենսական խմբերի դեղերը, որ մի քանի խմբերի դեղերի թույլտվությունը կոսմետիկ է, իրենք բռնում այդ կոսմետիկն էլ են արգելում: Այսինքն վե՞րջ, ուռուցքներով ու հոգեկան խանգարումներ ունեցող այդ պացիենտները փետրվարի 28-ից հետո միանգամից կտրուկ լավացա՞ն: Նախարար Ավանեսյանը անգիր արած՝ շուտասելուկի պես, ամեն տեղ կրկնում է , որ շուկայում շաբաթական կտրվածքով իրենց մոնիթորինգի խումբը մոնիթորինգ է անում, եւ եթե անհրաժեշտություն է առաջանում որոշակի խմբերի դեղորայք ավելացնելու, ապա թույլ են տալիս այդ խմբերի չգրանցված դեղերը եւս ներկրել: Նախարարը պերմանենտ խաբում է՝ ոչ մի անուն դեղ նոյեմբերի 10-ից հետո չեն թույլատրել ներկրել, թող մի անուն ասի, որ թողել են: Հիմա էլ բռնում այդ մի երկու խմբերի դեղերն են արգելում: Ըստ ռուսական հայտնի ասացվածքի «լկտիությունը երկրորդ երջանկությունն է», այն լրացնեմ՝«լկտիությունը երկրորդ երջանկությունն է, իսկ առաջինը՝ ոչ ադեկվատությունը»», – ասաց նա։

Ինչպես նշեց դեղագործական ընկերության ղեկավարը, այդ դեղամիջոցները կազմում էին դեղերի շուկայի ընդամենը 2%-ը, սակայն նույնիսկ այս փոքր տեսականու ներմուծումները շոշափելի արդյունք են տվել, քանի որ այդ դեղերից շատերն անփոխարինելի են։ Օրինակ, նրա խոսքով, անցյալ տարվա աշնանից Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար անփոխարինելի դեղամիջոցի՝ Տամոքսիֆենի դեֆիցիտ էր։ Այս թույլտվության շրջանակում հաջողվեց մասնակիորեն բավարարել պացիենտների կարիքները։ Այժմ դեղը կրկին կանհետանա դեղատներից, քանի որ այն գրանցված չէ Հայաստանում։

Բացի այդ, թույլտվությունը հնարավորություն է տվել «Վագա Ֆարմ»-ին ներմուծել հարյուրավոր դեղեր, որոնց շարքում այնպիսի հայտնի եւ լայն պահանջված մատչելի դեղեր են, ինչպիսիք են Վալոկորդինը, Կորվալոլը, քանի որ դրանք պարունակում են ֆենոբարբիտալ սեդատիվ նյութ։ Առանց այդ թույլտվության նշված դեղերը անհնար էր բերել, որովհետեւ դրանց գրանցված տարբերակների տուփերը այդ դեղերը Հայաստանում գրանցողները մնացած աշխարհի շուկաների տուփերից այնպիսի ձեւական տարբերությամբ են գրանցել , որ այլ շուկաներից հնարավոր չլինի ներմուծել: Ընկերությունը Վալոկորդին դեղը զուգահեռ ներմուծել է Լատվիայից եւ Վրաստանից, ինչը հանգեցրել է դրանց մանրածախ գների նվազմանը։ Այսպես, «Նատալի Ֆարմ» ընկերության դեղատներում գերմանական «Krevel» ընկերության Վալոկորդինի 20 մլ սրվակը վաճառվում է 1650 դրամով, իսկ 50 մլ սրվակը՝ 3650 դրամով։ «Վագա Ֆարմ» դեղատներում դրանք վաճառվում են համապատասխանաբար 660-670 եւ 1270-1290 դրամով, այսինքն՝ շատ ավելի ցածր գնով։ Վալոկորդինը, որը մենաշնորհային կերպով ներկրվում է «Նատալի Ֆարմ» ընկերության կողմից, գրանցված է Հայաստանում 22 կաթիլ խմելու ցուցումով, իսկ «Վագա Ֆարմ» ընկերության կողմից ներկրված Վալոկորդինն ունի 20 կաթիլ խմելու ցուցում, ուստի համարվում է Հայաստանում չգրանցված։ Դեղի տարեկան սպառումը տատանվում է մոտ հարյուր հիսուն հազար 20մլ շշիկ եւ մոտ վաթսուն հինգ հազար 50 մլ շշիկ:

«Կորվալոլի գինն էլ իջեցրել ենք երկու անգամից ավելի՝ 280-ից 130 դրամ, դրա տարեկան սպառումն էլ տատանվում է մոտ չորս հարյուրից հինգ հարյուր հազար շշիկ: Նույնը վերաբերում է այս վեց խմբերի այլ դեղամիջոցներին, որոնց գները զգալիորեն նվազել են զուգահեռ ներմուծման ժամանակ։ Օրինակ, հոգեմետ Ռիսպակսոլ դեղամիջոցը 2մգ (60 հաբ) այլ դեղատներում այժմ վաճառվում է 12900 դրամով, իսկ 4 մգ (60 տաբ) 20700 դրամով, մինչդեռ «Վագա Ֆարմ» դեղատներում դրանք համապատասխանաբար արժեն 4500-4700 դրամ եւ 6800-7000 դրամ։ Եթե երկրում զուգահեռ ներկրման հնարավորություն կա, ապա հենց արտադրող ընկերությունները նույնպես նվազեցնում են իրենց դեղերի մատակարարման գները», – պարզաբանեց Վահե Վարսանյանը։ Այժմ այդ հնարավորությունը կրկին փակվել է։

«Բացի հովանավորչությունից, ուրիշ բանով սա չես կարող բացատրել: Փաստացի, Առողջապահության նախարարը չի ուզում, որ բնակչությունն այդ դեղերը մատչելի գնով ձեռք բերի։ Թող բացատրի նաեւ, օրինակ, եթե պացիենտին նշանակվել է շիզոֆրենիայի, դեպրեսիայի եւ նեւրոտիկ այլ խանգարումների դեպքում լայն կիրառվող Սուլպիրիդ ազդող նյութով դեղը, եւ դրա թե՛ «Էգլոնիլ» ֆրանսիական արտադրության, թե՛ «Բետամաքս» լատվիական արտադրության նախկինում գրանցված տարբերակների գրանցման ժամկետները ավարտվել են, եւ գրանցված այլ տարբերակ այս պահին չկա, ի՞նչ պետք է արվի:

Այս ամենը ինչքան ուզում ես գրի, ասա՝ անհասանելի է նախարարին, ոնց որ տիեզերքը», – նշեց նա։

Վահե Վարսանյանը հավելեց, որ այսպիսի քաղաքականությունը հանգեցնում է դեղերի մաքսանենգության ծաղկմանը։

«Ամբողջ ոլորտը նախարարի շնորհիվ դրվել է անօրինական ներմուծումների եւ մաքսանենգության վրա։ Դեղերի պահանջարկը չի բավարարվում օրինական ճանապարհով, ահագնանում է ՝ ու մի շարք մեծածախ ներկրողներ, բազմաթիվ անհատներ, չդիմանալով գայթակղությանը, հենց դրանով են փթթում։ Տեսչական մարմինն էլ որեւէ ձեւով չի հակազդում սրան»,– նշեց նա։

Չգրանցված դեղերի ներկրման ու իրացման համար տուգանքների բարձրացումը դեղագործական ընկերության ղեկավարը պոպուլիստական քայլ է համարում։ Փոխարենը Տեսչական մարմինը կարող է ՊԵԿ-ից դեղերի ներկրման վերաբերյալ տվյալներ պահանջել, առողջապահության նախարարությունից տվյալներ ստանալ, թե որ դեղերն են թույլատրել ներմուծել, որոնք՝ ոչ, համեմատել այդ տվյալները եւ ստանալ դեղերի ապօրինի շրջանառության ամբողջական պատկերը։ «Բայց դա չի արվում, եւ ստացվում է, որ նրանք ուղղակի կամ անուղղակի աջակցում են մաքսանենգությանը։ Մենք եւ՛ անցած տարի , եւ՛ այս տարի դիմել ենք տեսչական մարմնին, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չկա։ Պատրաստվում ենք դիմել դատախազություն՝ տեսչական մարմնի անգործությանը իրավական գնահատական տալու համար»,- ասաց նա։

Վահե Վարսանյանը հավելեց, որ այսպիսի դեղային քաղաքականությամբ Առողջապահության նախարարությունը մի բան էլ գնում է դեպի առողջության համապարփակ ապահովագրության ներդրում։ Մինչեւ 2027 թվականը նախատեսվում է 1 միլիարդ դոլար գեներացնել առողջապահության համար։ Նման ցուցանիշով, ըստ նրա, երկրի դեղորայքային պորտֆելում պետք է լինի առնվազն 10 000 անուն դեղ, մինչդեռ գրանցամատյանում ունենք ընդամենը 3200 անվանում դեղ, որոնցից շատերը կրկնվում են, մի մասն էլ ժամանակին գրանցվել է, սակայն վաղուց չի արտադրվում: Դեղը գրանցվում է հինգ տարի ժամկետով, եւ հաշվի առնելով վերջին տարիների միտումները, 2027թվականին գրանցամատյանում ընդհանրապես դեղ չի մնա:

«Առանց դեղ ամբողջ բնակչությանը պետք է համապարփակ բուժեն։ Տանելու են հերթական ահռելի գումարների փոշիացմանն ու վատնմանը, ու ասեն՝ ասիմետրիկ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք անում»,– ասաց նա։

Մեկնաբանելով նախարարի այն պարզաբանումները, թե ամբողջ աշխարհում լոգիստիկ խնդիրների պատճառով դեղորայքի պակաս կա, Վահե Վարսանյանը համաձայնեց, որ լոգիստիկ խնդիրներ իսկապես կան։ Բայց դա հենց նշանակում է, որ, ընդհակառակը, պետք է ոչ թե արգելել, այլ հնարավորություն տալ, որպեսզի ներկրողները կարողանան դեֆիցիտ դեղերը հայթայթեն զարգացած շուկաներում եւ մատակարարեն։ Կառավարության կողմից խնդրի հանդեպ նման վերաբերմունքի մեջ դեղագործական ընկերության ղեկավարը պաշտոնյաների կողմից հովանավորչությունից բացի խորը անտարբերություն է տեսնում բնակչության կենսական խնդիրների նկատմամբ։

«Ամենապարզունակ հարցերը չեն լուծում՝ կաթվածահար վիճակում է Առողջապահության նախարարության ներմուծման փաստաթղթաշրջանառության ապահովումը՝ դեղերի բաժնում ամբողջ հանրապետության ներմուծման հավաստագրման թղթատար գործը եւ մնացած բոլոր գործերը դրել են մի աշխատակցի՝ Աշխենի վրա, որը պարզապես չի հասցնում տեխնիկական այդ գործը ժամանակին անել: Պետք է բազմաթիվ անգամ զանգել Դեղերի փորձագիտական կենտրոն՝ փորձագետներին, հետո ներմուծման բաժնի պետ Աննային, հետո փոխտնօրեն Լիլիթին, որ եզրակացությունը գրեն ուղարկեն նախարարություն, հետո նախարարություն Աշխենին, բաժնի պետ Մարինեին, գլխավոր քարտուղար Վարդանուշին... Իրենք էլ հեռախոսազանգերին սկզբունքորեն չեն պատասխանում, հարթ տեղը մտացածին քաշքշուկներ են սարքում։ Ժամանակ ենք ծախսում, տրամադրություն ենք փչացնում, մատից ծծած հիմարությունների վրա ենք ամբողջ օրը ծախսում, զզվացնում են, մինչեւ վերջիվերջո բարեհաճեն տրամադրել ներմուծման հավաստագիրը: Ու այդպես ամեն ներմուծման գործով: Շաբաթական միայն մեր կազմակերպությունը ունենում է միջինը 15 ներմուծում, ու օր առաջ դեղերը շրջանառության մեջ մտցնելը մեզ համար շատ հրատապ խնդիր է:

Ասում ենք, գրում ենք, որ այդ բաժինները համալրեն նոր աշխատողներով, որ չեն հասցնում: Դիտավորյալ չեն անում։ Սրանք են իրենց ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Անհեթեթ արգելքներ ստեղծելը, գործը ձգձելը հատուկ կարեւորություն է տալիս այդ չինովնիկներին։ Ասում են ամբողջ աշխարհում է այդպես, այդ հիվանդությունը ազգ ու կրոն չի ճանաչում, բայց սրանք շատ են անդարձ խորացել ու զզվացնում», – ասաց Վահե Վարսանյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել