• Latest news

Հայ կանայք պատրաստ չեն անկեղծ խոսել իրենց հիվանդության մասին. «Եվրոպա Դոննա Արմենիայի» պացիենտական ֆորում

1 ապրիլի, 2023  22:29

Հայ կանայք պատրաստ չեն անկեղծ խոսել իրենց հիվանդության մասին։ Այս մասին կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց համաժողովում հայտարարել է հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նա պատմել է, որ կենտրոնում մի քանի անգամ փորձեր են արվել համախմբել քաղցկեղը վերապրած պացիենտներին, որպեսզի նրանք կիսվեն իրենց խնդիրներով ու հաջողություններով, սակայն նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվել այն պատճառով, որ կանայք չեն ցանկանում անկեղծ խոսել իրենց համար ցավոտ թեմայի շուրջ:

Խաչանուշ Հակոբյանը նշել է, որ մշտական քարոզչության, տարբեր ակցիաների շնորհիվ այսօր արդեն նույնիսկ բոլոր տղամարդիկ եւ երեխաները գիտեն, թե ինչ է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը, իսկ 2000-ականների սկզբին երկրի բնակչության մեծ մասը գաղափար անգամ չուներ այդ մասին: Այնուամենայնիվ, հայ կանայք հոգ են տանում իրենց մասին վերջին հերթին եւ դիմում են բժշկի, երբ բավական ուշ է լինում։

Նվարդ Քոչարյանը՝ «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության ղեկավարը եւ միջոցառման կազմակերպիչը, նույնպես նշել է, որ մեր երկրում դեռեւս արդիական է կանանց ուղղված կոչը՝ հետեւել իրենց առողջությանը եւ պարբերաբար անցնել անհրաժեշտ հետազոտություններ: Նա հիշեցրել է, որ որքան շուտ է ախտորոշվում կրծքագեղձի քաղցկեղը, այնքան արդյունավետ է դրա բուժումը, իսկ ուշ փուլերում բուժումը շատ ավելի բարդ է, երկարատեւ եւ ծախսատար:

Նվարդ Քոչարյանը հավելել է, որ համաժողովի նպատակն է հավաքել այն պացիենտներին, ովքեր բուժման ընթացքում բախվում են տարբեր խնդիրների, եւ քննարկել այդ խնդիրները, այդ թվում՝ կառավարական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

50-ամյա Գայանե Սերոբյանը պատմել է, որ 5 տարի առաջ իր մոտ ախտորոշվել է չորրորդ փուլի նեյրոէնդոկրին տեսակի կրծքագեղձի քաղցկեղ: Նրա խոսքով՝ սա դեռ մինչեւ վերջ չուսումնասիրված քաղցկեղի տեսակ է, եւ բժիշկները չեն երաշխավորել նրա կյանքը։ Բայց այսօր կինը ռեմիսիայի փուլում է, եւ դա հաղթանակ է։

Գայանեն անցել է բուժման մի քանի ծանր ու թանկարժեք փուլեր՝ քիմիաթերապիա, բարդ վիրահատություն, ապա կրկին քիմիաթերապիա: Բայց այսօր, փառք Աստծո, ամեն ինչ լավ է բժիշկների գրագետ աշխատանքի եւ «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության ակտիվ աջակցության շնորհիվ: Նման պացիենտական կազմակերպությունները, նրա խոսքով, Հայաստանում պետք է շատ լինեն։ Եվ կրկին կոչ հնչեց բոլոր կանանց՝ չմոռանալ պարբերաբար հետազոտվել, քանի որ այդ հետազոտությունները բավականին մատչելի են, ինչը չես ասի ուշ փուլերում քաղցկեղի բուժման մասին։      

Ուռուցքաբան Լեւոն Բադալյանը պացիենտներին պատմել է, թե ինչպես տարբերել կեղծ դեղերն իրական դեղերից, իսկ առողջապահության նախարարության բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության բաժնի պետ Մարինե Հարությունյանը խոսել է քաղցկեղի բուժման հարցում պետության դեղորայքային քաղաքականության մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ տրաստուզումաբով (հերցեպտին) կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, որը ներկայումս գործում է I-III փուլում գտնվող քաղցկեղի բուժման համար, 2024-2026 թվականներին տարածվելու է նաեւ IV փուլի կրծքագեղձի քաղցկեղի բուժման վրա:

Ֆորումին ներկա էին հյուրեր Վրաստանից՝ «Եվրոպա Դոննա Վրաստան» պացիենտական կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպության ղեկավար Աննա Մազանիշվիլին ներկայացրել է պետական մարմինների հետ աշխատանքի վրացական փորձը, պատմել target for life արշավի մասին, որն ուղղված էր քաղցկեղի բուժման գործում պետական լիարժեք ապահովագրության հասնելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել