• Latest news

Նոր բացված Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան կոչվել է լեյկոզից մահացած Կարինայի անունով

1 հունիսի, 2023  18:44

ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, բացվեց «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան»:

Կարինա Պետրոսյանը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի այն շահառուն էր, որի մոտ բժիշկները հայտնաբերել էին սուր լեյկոզ եւ ցուցում էր տրվել շտապ իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում: Հիմնադրամը նրա բուժման համար 15 000 000 դրամ էր հավաքել, սակայն, ցավոք, երեխան չապրեց, թեպետ հայաստանյան բժիշկները միջազգային առաջատար մասնագետների հետ միասին արեցին անգամ անհնարինը:

Ինչպես նշեց Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, այդ ողջ գումարը որոշվեց ուղղել այս կենտրոնի ստեղծմանը՝ նպատակ դնելով կանխարգելել չարաբաստիկ հիվանդությունն ու համապատասխան բուժում տրամադրել հիվանդությունն ունեցող մյուս երեխաներին:

Կենտրոնի բացումը նշանավորվեց նաեւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջեւ հուշագրի ստորագրմամբ։

348371057_994199354915102_1379146362097878508_n.jpg (333 KB)

Քաղցկեղի վաղ ախտորոշումը շատ կարեւոր է դրա բուժման համար. կլինիկայի աշխատակիցների խոսքով՝ Կենտրոնի ծրագրերի շահառուները լինելու են  քաղցկեղով հիվանդ երեխաները, նաեւ այն երեխաները, որոնց մոտ կասկածվում է քաղցկեղով հիվանդանալու համախտանիշ: Ներկայումս կլինիկայի շահառուները լինելու են մինչեւ 18 տարեկան անձինք, սակայն հետագայում կլինիկան համապատասխան բուժօգնություն կտրամադրի ոչ միայն երեխաներին, այլեւ երիտասարդներին եւ մեծահասակ հիվանդներին:

«Սա ոչ միայն քաղցկեղի վաղ ախտորոշման ծրագիր է, այլեւ իր մեջ ունի մեծ գիտական պոտենցիալ, քանի որ սա նոր զարգացող ճյուղ է՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,-նշեց մանկական արյունաբան Աննա Ավագյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը կարեւորեց նախաձեռնությունը՝ շեշտելով, որ երեխաների պաշտպանության կարեւոր կետերից մեկը նրանց առողջության իրավունքի պաշտպանությունն է։

«Մենք, որպես երկիր, որպես կառավարություն, պիտի ապահովենք, որ մեր երկրում բոլոր երեխաները հնարավորություն ունենան հավասար կերպով պահպանելու առողջությունը, պայքարելու հիվանդությունների դեմ եւ միայն առողջացումով վերադառնալու տուն: Որեւէ երկրում քաղցկեղը եւ մի շարք այլ հիվանդություններ առանց հանրային օժանդակության դժվար է հաղթահարել: Ինձ համար շատ ուրախալի է, որ այսօր եւս մեկ նախաձեռնություն է մեկնարկում, որն ունի ավելի շատ հետազոտական՝ ոչ թե կոնկրետ անձին օգնելու, այլ հետագայում շատ թվով մարդկանց հասանելի դառնալու եւ օգտակար լինելու միտում: Թե City of Smile-ը, թե Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, ահռելի աշխատանք են տանում այս գործում»,- ասաց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել