• Latest news

Մեկնարկել է կարևոր նախաձեռնություն մարզային բուժաշխատողների համար (տեսանյութ)

2 հունիսի, 2023  15:04

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի մասնագետներն արդեն երկրորդ օրն է՝ Աշտարակում են։ Կենտրոնի մանկաբույժները, մանկական վիրաբույժներն ու նյարդավիրաբույժները, օրթոպեդներն ու բուժքույրերը Արագածոտնի մարզի մասնագետների համար դասընթացներ են անցկացնում, նաեւ անվճար զննում են հերթագրված երեխաներին եւ տեղի բժիշկների հետ քննարկում բարդ դեպքերը։

Բուժկենտրոնի կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանն ասում է՝ վերջին տարիներին շատ բան է փոխվել մանկաբուժական մոտեցումներում, այդ թվում՝ բուժքույրական գործում, եւ այդ նոր գիտելիքով մարզային մասնագետների հետ կիսվելու անհրաժեշտություն կա։ 

«Մարզերի այս երկօրյա դասընթացները Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբուժության, Մանկական նեղ մասնագետների ամբիոնի եւ Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար բժշկական կենտրոնի համատեղ գործունեության, համատեղ ջանքերի արդյունք է։ Դասընթացների նպատակն է մարզային մեր գործընկերներին ներկայացնել այսօր մանկաբուժության տարբեր ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները, նոր մոտեցումները, իսկ դպրոցների եւ մանկապարտեզների բուժքույրերի դեպքում նաեւ ցույց տալ առաջին օգնության այն պարզագույն հմտությունները, որոնց նրանք պիտի տիրապետեն, որ իրենց ամենօրյա աշխատանքում հանդիպող իրավիճակներում ճիշտ լուծումներ տան։

Աշտարակի համար 1 դպրոցում Ուիգմոր հիվանդանոցի բուժքույրերն առաջին բուժօգնության դասընթաց են անցկացնում մարզային դպրոցների եւ մանկապարտեզների բուժքույրերի ու մանկավարժների համար։ Սրանք այն հմտություններն են, որոնց պիտի տիրապետի ցանկացած մեծահասակ»,– ասում է Կարինե Աբելյանը։

Բյուրականի թիվ 15 մանկապարտեզի՝ 41 տարվա ստաժ ունեցող բուժքույր Սաթիկ Մկրտչյանն ասում է՝ շատ բաներ, որ 40 տարի առաջ են սովորել, այսօր արդեն կիրառելի չեն։ Նաեւ խոստանում է՝ այսօր ձեռք բերած նոր գիտելիքն անպայման կփոխանցի իր գործընկերներին։

«Այսօրվա մեր սովորածը շատ կարեւոր էր, որ ընդհանուր մի քանի կանոններով սովորեցինք, ինչպես շուտ օգնել երեխային ուշաթափության դեպքում, արյունահոսությունների, կոտրվածքների ժամանակ», – ասում է նա։

Օրթոպեդներն ու նեյրովիրաբույժները դասընթացը վարում են Աշտարակի համայնքապետարանի շենքում։ Այստեղ են ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ եւ վիրաբույժներ, վնասվածքաբաններ եւ նյարդաբաններ մարզի տարբեր բուժկենտրոններից։ Նրանք նշում են՝ մարզերում բժիշկների վերապատրաստման դասընթացներ շատ քիչ են կազմակերպվում, բայց մարզային բժիշկները եւս ոլորտի նորություններին ծանոթանալու կարիք ունեն եւ միշտ չէ, որ կարող են դրա համար մեկնել Երեւան։

Դասընթացի սկզբում եւ ավարտին բժիշկները թեստեր են լրացնում, որպեսզի Երեւանից ժամանած մասնագետները կարողանան գնահատել նրանց ձեռք բերած գիտելիքները։

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանն ասում է՝ մարզում նեղ մասնագետների պակաս կա, այս տեսանկյունից Ուիգմոր հիվանդանոցի նախաձեռնությունը շատ կարեւոր է։

«Շատ շնորհակալ եմ նախաձեռնության համար, որ առաջինը սկսվեց հենց մեր՝ Արագածոտնի մարզից։ Բոլոր բժիշկների, բուժքույրերի հետ զրուցելիս բոլորը շատ արդյունավետ են համարում դասընթացը, մատչելի ձեւով է ներկայացվում ամեն ինչ, եւ կարեւոր է նրանով, որ երեխաների հետազոտություններ են կատարվել այս ընթացքում։ Մեր մարզում, ճիշտն ասած, նեղ մասնագետների բացակայության պարագայում, սա շատ կարեւոր էր», – ասում է նա։  

Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար բժշկական կենտրոնի նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Սպասվում են այցեր Հայաստանի բոլոր մարզեր, իսկ դասընթացին մասնակցող բուժաշխատողները կստանան նաեւ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ, ինչը շատ կարեւոր է նրանց հետագա մասնագիտական որակավորման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է