• Latest news

Կարմրուկով հիվանդացածների մեծ մասը երեխաներ են. կլինիկական ընթացքը թեթև ձևերից մինչև ծանր ձևերն են. Սվետլանա Գրիգորյան  

7 հունիսի, 2023  21:40

Հայաստանում կարմրուկով հիվանդացած 209 քաղաքացիներից 147-ը երեխաներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, բժշկուհի Սվետլանա Գրիգորյանը։

«Կան ինչպես հոսպիտալացված, այնպես էլ չհոսպիտալացված անձինք: Հիվանդացածների հիմնական մասը՝ 147-ը երեխաներ են, կան նաեւ մեծահասակներ: Կլինիկական ընթացքը թեթեւ ձեւերից մինչեւ ծանր ձեւերն են: Հոսպիտալացված հիվանդների վիճակը միջին ծանրության է»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չպատվաստվածներին հանգստի մեկնելուց 10 օր առաջ պատվաստվել կարմրուկի դեմ: Ըստ նախարարության՝ կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել զբոսաշրջության ակտիվության ֆոնին: Այս տարվա մարտից մինչեւ օրս գրանցված կարմրուկի 209 դեպքից 8-ը վերջին օրերին ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի քաղաքացիներ են. նրանք հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում։

«Դեռեւս 2020 թվականից ամբողջ աշխարհում դիտվեց կարմրուկի համաճարակային լարված իրավիճակի միտումներ: 2021 թվականի հետ համեմատած ամբողջ աշխարհում մոտ 80 տոկոսով ավելացել են գրանցվող դեպքերը, եւ այդ միտումները շարունակվում են նաեւ 2023 թվականին: Դրանով է պայմանավորված Առողջապահության նախարարության հորդորը: Հայաստանում նաեւ ունենք անբարենպաստ համաճարակային իրավիճակ կարմրուկի առումով: 2023 թվականի մարտից գրանցվում են կարմրուկի դեպքեր, որոնք պայմանավորված են բերովի դեպքերով, որոնք էլ տեղական բռնկումների պատճառ են հանդիսացել: Հիմնականում հիվանդանում են չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք»,- ասաց Սվետլանա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եթե անձը մանկական տարիքում ստացել է կարմրուկի դեմ 2 դեղաչափը, ապա դա ողջ կյանքի համար է, իսկ այն անձը, որը ստացել է մեկ դեղաչափ կամ ընդհանրապես չի ստացել, ապա խորհուրդ է տրվում պատվաստվել:

Սվետլանա Գրիգորյանը շեշտեց, որ աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը համարվում է լարված, այդ թվում՝ եվրոպական երկրներում. «Ցանկացած երկրում շրջագայելուց առաջ խորհուրդ է տրվում դիմել պոլիկլինիկա, հավաստիանալ, որ անձը պատվաստված է, եթե պատվաստված չէ, ապա պատվաստվի, եւ հետո գնա շրջագայության: Կոնկրետ երկիր նշելը սխալ կլինի, քանի որ շրջագայության ընթացքում կարող են անցնել մի քանի երկրների տարածքով, կամ այդտեղ կարող են լինել նաեւ այլ երկրներից զբոսաշրջիկներ»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել