Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում են ստանում պայթյունից տուժած 86 մարդ, նրանցից մոտ 20–ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին լրագրողներին ասաց կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Բուժառուների ինքնությունը հայտնի է։ Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։ Նրանք ապահովված են իրենց այս պահին անհրաժեշտ հատուկ սնունդով, և հագուստով, որը թույլ է տալիս անհրաժեշտ վիրակապությունները ճիշտ կատարել», – ասաց տնօրենը։
Ըստ բժշկի, այսօր բոլորին վիրակապում են. Արցախում կատարված հին վիրակապություններն ամբողջությամբ հանվում են, մաշկը մշակվում է, հեռացվում են մեռուկացած հյուսվածքները և նոր վիրակապումներ են իրականացվում։
«Հիվանդների այրվածքները հիմնականում երկու տեսակի են ՝ մեկը մեծ մակերեսով, իսկ մյուսը, երբ այրվածքը փոքր է, բայց ախտահարումը՝ խորը։ Գրեթե բոլորը դեմքի շրջանում այրվածքներ ունեն, մի մասի մոտ առկա են նաև վերջույթների, գրեթե բոլորի մոտ՝ ձեռքերի», – ասաց Հովհաննես Հովհաննիսյանը
Ըստ նրա, Այրվածքաբանության ազգային կենտրոնի թիմը, ցավոք սրտի, վերջին տարիներին նման տուժածների հետ աշխատելու մեծ փորձ է ձեռք բերել։ Նա նաև նշեց, որ այժմ բժիշկները մեծ ծանրաբեռնվածությաբ են աշխատում, և պետք է պատկերացնել, թե ինչ են նրանք զգում և ապրում․ գիշերը ժամը 03։00-ին բժիշկներից մեկը դուրս է եկել պալատից, հենվել պատին ու լաց եղել, ապա կրկին շարունակել իր աշխատանքը։
Նան նշեց, որ այժմ միջին ծանրության հիվանդները տեղափոխվում են նույն կենտրոնի մաշկաբանների վերահսկողության տակ, որպեսզի այրվածքաբանական թիմը կարողանա նոր հիվանդներ ընդունել։
«Գրեթե բոլոր բուժառուների հետ առավոտյան հաջողվել է զրուցել, նրանք գիտակցության մեջ են և դժվարությամբ, բայց կարողացել են հայտնել իրենց անուն ազգանունը, ծննդյան օրը, ամիսը։ Բայց մենք սպասում ենք 5-7-րդ օրվան, երբ հիվանդների վիճակը կտրուկ վատանում է՝ պայմանավորված այրվածքի մակերեսով, օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններով, հիմնականում՝ թունավորմամբ և հեղուկի կորստով։ Այսինքն՝ այս պահին որքան միջին և ծանր հիվանդներ ունենք, ցավոք սրտի, պատրաստ ենք նրանց վիճակի վատթարացմանը 5-7-րդ օրերի ընթացքում>» -ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Վերակենդանացման բաժանմունքն այս պահին ծայրահեղ ծանրաբեռնված է, սակայն մասնագիտական ռեսուրսը բավարարում է․ կենտրոնին միացել են կամավոր բժիշկներ, որոնք օգնում են միջին բուժանձնակազմի, բուժքույրական և սանիտարական աշխատանքներին։ Արտերկրից ժամանած գործընկերները ևս օգնության են հասել․ Իսպանիայից ժամանել են 4 բժիշկ՝ վերակենդանացման մասնագետներ, պլաստիկ ու ռեկոնստրուկտիվ վիրբույժներ, իսկ Մեծ Բրիտանիայից՝ մեկ ռեկոնստրուկտիվ վիրբուժության մասնագետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր