• Latest news

Աչքի ցողունային բջիջները՝ տարիքային մակուլյար դեգեներացիայի բուժման միջո՞ց

2 հոկտեմբերի, 2014  20:41

Տարիքային մակուլյար դեգեներացիան կուրության հանգեցնող ամենատարածված հիվանդություններից մեկն է համարվում եւ 75-ից բարձր տարիքի 5 մարդկանցից մեկի մոտ կարող է ախտորոշվել: Տեսողության կորուստը այնքան սերտորեն է տարիքի հետ ասոցացվում, որ հաճախ ոչ թե որպես առողջական բարդություն է դիտարկվում, այլ՝ ծերացման անխուսափելի հետեւանք: Սակայն բոլորովին վերջերս Բրիտանացի գիտնականների նախաձեռնությամբ ցողունային բջիջների ուսումնասիրության ոլորտում իրականացված հետազոտության արդյունքները կարող են մթության դատապարտված ծեր մարդկանց աչքերի լույսը վերադարձնել, հավաստիացնում է Medical Daily-ն:

Սաութհեմփթոնի համալսարանականները մարդու աչքի մեջ ինքնատիպ ցողունային բջիջներ են հայտնաբերել, որոնք ոչ միայն լույսի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող բջիջների վերածվելու, այլ նաեւ՝ դեգեներատիվ կուրության ազդեցությունը չեզոքացնելու ներուժ ունեն:

Տարիքային մակուլյար դեգեներացիայի պարագայում, նախ եւ առաջ, աղոտ եւ աղճատված տեսողություն է ի հայտ գալիս, որին, կարճ ժամանակ անց, տեսողության ամբողջական կորուստն է փոխարինում: Երեւույթը գլխավորապես ֆոտոռեցեպտորային՝ լույսը տեսնելու համար անհրաժեշտ բջիջների կորստով է պայմանավորվում: Հետազոտության հեղինակները դրանք նորերով փոխարինելու եղանակ են գտել: 

Աչքի ճակատային մակերեսին՝ եղջերաթաղանթի եւ սպիտակ սկլերայի մեջտեղում, «corneal limpus» անվամբ հայտնի հատվածն է գտնվում, որտեղ տեղակայված ցողունային բջիջները լուսային միջավայրում ֆոտեռեցեպտորային բջիջների գործառույթը կրկնօրինակելու հատկություն են դրսեւորում: Առաջարկվող միջավայրը մինչ այժմ միայն լաբորատոր պայմաններում է փորձարկվել, սակայն գիտնականները համոզված են, որ առաջիկայում հիշյալ բջիջները կարող են կուրության ազդեցությունը չեզոքացնող թերապիայի միջոց դառնալ: «Այդ բջիջները բավականին հեշտ հասանելի են եւ անակնկալ ճկունությամբ են աչքի ընկնում, ինչը, տեսողության վերականգնմանը միտված թերապիայի տեսանկյունից, էլ ավելի մեծ գրավչություն է հաղորդում դրանց», - մեկնաբանել է գիտահետազոտական խմբի ղեկավար դոկտոր Էնդրյու Լոթերին՝ հավելելով, որ դեռեւս շարունակական հետազոտությունների կարիք է զգացվում՝ առաջարկվող մոտեցումը հիվանդների նկատմամբ կիրառելու համար: Տեսականորեն, ցողունային բջիջները կարող հենց իր իսկ՝ հիվանդի աչքից վերցվել, աճեցվել՝ լաբորատոր պայմաններում եւ կրկին օրգանին ներպատվաստել:

Համաձայն կանխատեսումների, կլինիկական փորձարկումները կարող են առաջիկա հինգ տարիներին մեկնարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել