• Latest news

Գտնել նոր քիմիական միացություններ վիրուսների դեմ. հայ գիտնականներն աշխատում են խոստումնալից նախագծի վրա

7 փետրվարի, 2024  10:31

Հակավիրուսային միացությունների հայտնաբերումը, որոնք ապագայում կարող են հիմք դառնալ հերպեսի, դենգեի և մարդու գրիպի A և B վիրուսների դեմ նոր դեղամիջոցների ստեղծման համար՝ սա է նոր գիտական նախագծի նպատակը, որը ներկայումս իրականացնում են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի գիտնականները:

Լաբորատորիայի վարիչ, առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ «Հակավիրուսային նոր միացությունների հայտնաբերումը in silico և in vitro մեթոդների համադրմամբ» անվանումով

նախագիծն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ 5-ամյա ծրագրի ֆինանսավորումը կազմում է 175 մլն դրամ։

Դրամաշնորհի մի մասը, ինչպես նշեց Զաքարյանը, կուղղվի 190 քմ տարածքով նոր լաբորատորիայի վերանորոգմանը և վերազինմանը, որպեսզի այնտեղ բոլոր չափանիշներին համապատասխանող պայմաններ ստեղծվեն ՌՆԹ և ԴՆԹ վիրուսների հետ աշխատելու համար։

Ինչո՞ւ է սա արդիական

Սեզոնային գրիպի բռնկումները տեղի են ունենում տարին մի քանի անգամ. տարեկան մոտ 1 միլիարդ մարդ վարակվում է գրիպով: Դրանցից 3-5 միլիոնի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում: Ավելին, ամեն տարի 290 000-ից 650 000 մարդ մահանում է գրիպի վիրուսի հարուցած շնչառական պաթոլոգիաներից։

Մինչ օրս հայտնի են սեզոնային գրիպի վիրուսների 4 տեսակ (A, B, C և D), սակայն, ըստ ԱՀԿ-ի, A տիպի վիրուսները համաճարակների ամենատարածված պատճառն են։

Հերպեսի սիմպլեքս վիրուսը նույնպես շատ տարածված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում. շատ դեպքերում այն դրսևորվում է հիվանդի լորձաթաղանթի վրա ցանի տեսքով։ Այնուամենայնիվ, իմունային անբավարարություն ունեցող մարդկանց համար այս վիրուսը կարող է լուրջ խնդիր լինել: Այս վիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոցներ արդեն կան, սակայն հայ գիտնականները հույս ունեն գտնել բջջային «թիրախներ», որոնք ճնշելով՝ հնարավոր կլինի ազդել հենց վիրուսի վրա։

Ինչ վերաբերում է դենգե վիրուսին, ապա այն ներկայումս Հայաստանում բացակայում է։ Վիրուսը փոխանցվում է Aedes ցեղի մոծակների խայթոցների միջոցով, որոնք հիմնականում հանդիպում են Հարավային և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Օվկիանիայում և Կարիբյան ավազանում: Սակայն մոլորակի կլիմայական փոփոխությունների արդյունքում այս մոծակները սկսել են ավելի ու ավելի շատ նոր բնակավայրեր «նվաճել»: Վերջերս վարակման դեպքեր են գրանցվել եվրոպական որոշ երկրներում, և հնարավոր է, որ վիրուսը «գա» Հայաստան։

Հակավիրուսային միացությունների փնտրտուք

Գիտական աշխատանքը, ինչպես ասաց Հովակիմ Զաքարյանը, բաղկացած է լինելու երկու փուլից. Առաջինի ընթացքում նախատեսվում է գտնել քիմիական միացություններ, որոնք կարող են ազդել վիրուսային սպիտակուցի՝ վիրուսի ֆունկցիոնալ գործունեության համար պատասխանատու հատվածների վրա։ Նրանք նման նյութեր կփնտրեն քիմիական միացությունների հսկայական շտեմարանում՝ օգտագործելով և՛ հայ մասնագետների մշակած, և՛ արդեն հայտնի մեթոդները։

Նախ, շտեմարանի նյութերը ստուգվում են ավտոմատ կերպով: Հայտնաբերված նյութերը, որոնք փոխազդում են վիրուսային սպիտակուցի ցանկալի մասի հետ, այնուհետև դրվում են ավելի բարդ սիմուլյացիաների մեջ, որոնք կոչվում են մոլեկուլային դինամիկայի մոդելավորում: Արդյունքում, ասենք, միլիոն նյութ պարունակող շտեմարանից կարելի է ընտրել, օրինակ, մոտ 100-ը, որոնք կփոխազդեն վիրուսային սպիտակուցի թիրախային հատվածի հետ։

Երկրորդ փուլում հայտնաբերված միացություններն արդեն ուսումնասիրվում և փորձարկվում են լաբորատորիայում՝ համապատասխան բջջային մոդելների և վիրուսների վրա։

«Կարծում եմ, որ 5 տարվա աշխատանքի արդյունքում կարող ենք ձեռք բերել այնպիսի արդյունքներ, որոնք կհետաքրքրեն թե՛ գիտական ամսագրերում տպագրվելու, թե՛ դրանց հետագա պրակտիկ ուսումնասիրության տեսանկյունից»,- նշեց Զաքարյանը։

Հակավիրուսային միացությունները դեռ դեղամիջոց չեն

Հակավիրուսային միացությունները, որոնք հայ մասնագետները հույս ունեն գտնել այս հետազոտության ընթացքում, դեռ դեղամիջոցներ չեն. առայժմ դրանք միայն միացություններ են, որոնք փոխազդում են վիրուսային սպիտակուցի որոշ մասերի հետ։

Այդ նյութերը, իհարկե, դեղամիջոց դառնալու ներուժ ունեն, բայց դրա համար պետք է երկար ճանապարհ անցնեն: Նոր դեղամիջոցների մշակումը, ինչպես նշեց Զաքարյանը, երկար ու բարդ գործընթաց է՝ բաղկացած բազմաթիվ փուլերից։ Ցանկալի ակտիվությամբ քիմիական միացություններ գտնելը այս քայլերից միայն առաջինն է: Որպեսզի այդ նյութերը հետագայում հիմք հանդիսանան նոր դեղամիջոցների համար, անհրաժեշտ կլինի ուսումնասիրել դրանք թունաբանական և նյութափոխանակության հատկությունների համար, ստուգել դրանց կլանումը, լուծելիությունը և այլն։ Միայն այն նյութերը, որոնք հաջողությամբ կանցնեն այս բոլոր ուսումնասիրությունները, ինչպես նաև կենդանիների վրա փորձարկումները, դառնում են կլինիկական փորձարկումների պոտենցիալ թեկնածուներ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է