• Latest news

Սոցիալական ցուցումով աբորտ. ընդունելի՞ է թե ոչ

11 հոկտեմբերի, 2014  21:28

Հղիության արհեստական ընդհատումը ծնողների ցանկությամբ Հայաստանում թույլատրված է մինչեւ 12 շաբաթականը, իսկ հղիության 12-22 շաբաթներում ընկած ժամանակամիջոցում աբորտը հնարավոր է միայն բժշկական եւ սոցիալական ցուցումներով:

Սոցիալական ցուցումները, որոնց NEWS.am Medicine-ը արդեն անդրադարձել է, ներառում են այնպիսի դեպքեր, ինչպիսին են ամուսնալուծությունը, կնոջ՝ ազատազրկման վայրում գտնվելը, ամուսնու մահը եւ այլն: Բազմաթիվ իրավապաշտպաններ չեն հասկանում, թե ինչպես է կարելի թույլ տալ սոցիալական ցուցումներով աբորտ անել հղիության 22-րդ շաբաթում, եթե 12 շաբաթական պտուղն արդեն ամբողջովին ձեւավորված է եւ, շատերի կարծիքով, կյանքի իրավունք ունի:

«Արդյոք մենք հենց 12 շաբաթականից ենք հասկանում պտղի կյանքի իրավունքը: Եթե այո, ապա ինչու ենք թույլ տալիս որոշակի սոցիալական ցուցումներ՝ 22 շաբաթականում հղիությունը ընդհատելու համար», - հարցնում է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը:

Բայց արդյո՞ք արժե վերանայել հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը եւ հանել այնտեղից սոցիալական ցուցումով աբորտի իրավունքը:

Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ:

Աննա Սաֆարյանի խոսքով՝ սոցիալական ցուցումները բազմաթիվ իրավապաշտպանների համար հասկանալի չեն: Նա նշում է, որ, եթե վերլուծենք այդ բոլոր սոցիալական ցուցումները, կտեսնենք, որ դրանք պետությանը հնարավորություն են տալիս իր վրայից որոշակի բեռ «գցել»: Բանն այն է, որ սոցիալական ցուցումները հիմնականում ներառում են այն դեպքերը, երբ կինը կարող է միայնակ մնալ եւ երեխայի խնամքի հետ կապված խնդիրներ ունենալ: Նման դեպքերում թե կնոջ, եւ թե նրա երեխայի համար պետք է հոգ տաներ պետությունը, ինչը մեր երկրում նախատեսված չէ:

Այդ իսկ պատճառով սոցիալական ցուցումներով աբորտն արգելելը խնդիրը չի. Նման քայլի գնալուց առաջ անհրաժեշտ է, որ պետությունն այպիսի պայմաններ ստեղծի, որ կինը՝ մայրը իրեն ապահով եւ ինքնավստահ զգա եւ այլ անձանցից կախվածության մեջ չլինի. Միայն այդ դեպքում սոցիալական ցուցումների կարիքը չի լինի, եւ դա հավանաբար կնպաստի թե ծնելիության աճին, եւ թե՝ սելեկտիվ աբորտների թվի նվազմանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նույնպես նշել է, որ աբորտների սոցիալական ցուցումների խնդիրը միանշանակ չէ, եւ դրան կարելի է տարբեր կողմերից նայել:

Նրա խոսքով՝ քանի որ պետությունն իր վրա չի վերցնում միայնակ կնոջ ու իր երեխայի համար պատասխանատվությունը, եթե սոցիալական ցուցումներով աբորտն արգելվի, պատասխանատվությունը ծանր սոցիալական պայմաններում հայտնված միայնակ կնոջ եւ նրա երեխայի համար ստիպված է լինելու իր վրա վերցնել հասարակությունը: Արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է դրան:

Գարիկ Հայրապետյանը համաձայնվել է այն մտքի հետ, որ եթե երկրում համապատասխան պայմաններ ստեղծվեն, եւ կինը վստահ լինի, որ միայնակ չի մնա իր խնդիրներով, սոցիալական ցուցումներով աբորտների, ինչպես նաեւ շատ այլ պատճառներով արվող աբորտների թիվը նկատելիորեն կնվազի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել