• Latest news

Լսողության խնդիրները երիտասարդանում են բարձր երաժշտության ու աղմուկի պատճառով. մասնագետ

13 հունիսի, 2024  21:55

Լսողության հետ կապված խնդիրները  վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելի ու ավելի են երիտասարդանում։  Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում մոտ 1 միլիարդ երիտասարդի լսողությունը վտանգված է, իսկ պատճառը՝ աղմուկն ու բարձր երաժշտությունն են, առավել ևս, երբ այն հնչում է ականջակալներով։   

«ԱՀԿ–ն ահազանգում է և ասում է, արդեն 1 միլիարդ երիտասարդներ աշխարհում այդ վտանգի տակ են, իրենց մոտ զարգանում է ծանրալսություն, պայմանավորված բարձր ձայների չարաշահմամբ։ Առանց այդ էլ մեր առօրյան, արդեն փողոցը համարվում են բարձր ձայն, հավելյալ ականջակալները, ակումբների բարձր ձայները, իրենք ևս ազդեցությունը թողնում են, և մենք արդեն դա տեսնում ենք, արդեն կան գիտական աշխատանքներ, որ նախկինում, մոտ 50 տարի առաջ տարիքային նորմերը լսողական այլ էին, հիմա այլ է։ Այսինքն, ավելի շուտ է սկսվում լսողության իջեցումը», – ասում է «Նաիրի» ԲԿ աուդիոլոգ Գայանե Սարգսյանը։

Մասնագետը պարզաբանում է` այս դեպքում խոսքը ձեռքբերովի ծանրալսության մասին է։ Բարձր ձայնից բացի` այդպիսի ծանրալսության պատճառ կարող են լինել նաև բորբոքային հիվանդությունները, տրավմաները, ինչպես նաև տարիքային փոփոխությունները։ ԱՀԿ տվյալներով` 60–ից հետո բնակչության 25 տոկոսն ունի հաշմանդամության հասցնող ծանրալսություն։

Բայց ծանրալսությունը կարող է լինել նաև բնածին։

«Բնածին ծանրալսությունըմ այսինքն, երբ երեխան ծվում է, և հայտնաբերում ենք, էլի  կարող է տարբեր պատճառներով լինել, կարող են լինել գենետիակական պատճառներ, որոնք մեծ տոկոս են կազմում, և կարող են հղիության ընթացքում խնդիրներ ծագել, պերինատալ շրջանում, փոքր քաշով, բիլիռուբինեմիայով, տարբեր ինֆեկցիաներով ծնված բալիկների մոտ ևս հայտնաբերվում է ծանրալսություն։ Բացի այդ կյանքի առաջին երկու երեք տարեկանում  գումարվում են այն ծանրալսությունները, որոնք պայմանավորված են ինֆեկցիաներով, տրավմաներով... ԱՀԿ տվյալների համաձայն 1000 նորածնից 1-2–ի մոտ հայտնաբերվում է խորը աստիճանի ծանրալսություն։ Այդ թիվը 3-4 տարեկանում դառնում է 2-3», – ասում է բժիշկը։

Տարիքից կախված կիրառվում են տարբեր՝ այսպես կոչված սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտորոշիչ մեթոդներ։ Ստուգման ամենատարածված տարբերակը սուբյեկտիվ տոնալ շեմքային աուդիոմետրիան է, երբ պացիենտը, ձայնային ազդակ ստանալով, ասում է՝լսում է այն, թե՝ ոչ։ Այս մեթոդը կիրառելի է 5–6 տարեկանից սկսած։

«Իսկ նորածնային հասակում կամ մինչև 5-6 տարեկան կա օբյեկտիվ մեթոդը, երբ որ հիվանդը ոչինչ չի պատասխանում, և մենք ձայնային ազդակների տակ ԷԷԳ–ից ստանում ենք լսողական պոտենցիալներ և կարողանում ենք ախտորոշել  և ծանրալսության աստիճանը և ախտահարման մակարդակը», – նշում է աուդիոլոգը։

Բուժումը կախված է նրանից, թե ինչ տիպի ծանրալսություն է պացիենտի մոտ, և ականջի որ հատվածն է ախտահարված։ Եթե ծանրալսությունը այսպես կոչված հաղորդչական տիպի է, և պայմանավորված է բորբոքային խնդիրներով, ապա դեղորայքային բուժումը բավականին արդյունավետ է։  Այլ դեպքերում կարող է օգնել վիրահատական բուժումը։

«Եթե ունենք թմբկաթաղանթի մասնակի պատռվածք, ունենք ոսկրային շղթայի ախտահարում։ Նման դեպքերում վիրահատությունը էֆեկտիվ է, և կարելի է վերականգնել լսողությունը։

Եթե դա սենսոնեվրալ ծանրալսություն է, այսինքն, հիմնականում ներքին ականջի նյարդային բջիջներն են ախտահարված,  ցավոք, այդ դեպքում չկա դեղորայքային կամ վիրաբուժական բուժման մեթոդ, այլ միայն լսողապրոթեզավորումն է  կամ լսողական սարքերով կախված ծանրալսության աստիճանից, իսկ եթե արդեն չորրորդ աստիճանի ծանրալսություն կամ խլություն ենք ախտորոշում, այդ դեպքում կոխլեար իմպլանտացիան է մեթոդը։

Տարիքային ծանրալսությունը, որը 50–60 տարեկանում է սկսվում, վնասվում են ներքին ականջի նյարդային այդ մազմզուկավոր բջիջները, նաև գումարվում են արյան շրջանառության խանգարումները և սկսվում է տարիքային փոփոխությունը։ Այդ դեպքում ևս միակ բուժումը պրոթեզավորումն է լսողական սարքերով։ Այսինքն, դա ևս չի վերականգվում ոչ դեղորայքային, ոչ վիրահատական մեթոդներով», – պարզաբանում է բժիշկը։ 

Յուրաքանչյուր դեպքում Գայանե Սարգսյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի, ստուգվել, ու դրա հիման վրա բժիշկը կընտրի բուժման ճիշտ մարտավարությունը։ Ընդ որում,  բժշկի պետք է դիմել հնարավորինս շուտ, հատկապես եթե լսողության խնդիրն առաջացել է բարձր ձայնի պատճառով, քանի որ սկզբնական շրջանում այդ խնդիրը լուծելի է, սակայն ուշացման դեպքում լսողության կորուստը կարող է լինել անդառնալի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել