COVID-19 համավարակը հանգեցրել է ԱՄՆ-ում սրտի նոպայի պատճառով հոսպիտալացումների 35%-ով նվազմանը, բայց նույնիսկ հիմա այդ ցուցանիշը շարունակում է նվազել։ Ինչո՞ւ։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև համավարակի ժամանակ բժշկական օգնությունից խուսափող մարդիկ նպաստել են հիվանդության կարճաժամկետ անկմանը, սակայն այս նվազման միտումի հիմնական պատճառը սրտի նոպայի առավել արդյունավետ կանխարգելումն է:
JAMA Cardiology-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սրտի նոպայի առիթով բժկին այցելությունները և հոսպիտալացումները եղել են ամենացածր մակարդակում, երբ համավարակը հասել է գագաթնակետին, ինչն ապացուցվում է COVID-19-ից մահացության ցուցանիշներով: Նույնը վերաբերում է այլ հրատապ կամ ցավոտ վիճակներին, ինչպիսին, օրինակ, երիկամներում եղած քարերն են: Սա ենթադրում է, որ մարդիկ, որոնք սովորական պայմաններում կարող էին դիմել բժշկական օգնության, նախընտրել են մնալ տանը, երբ COVID-19-ով վարակվելու վտանգը մեծ է եղել:
Գիտնականները փորձել են ճշտել այնպիսի գործոնները, ինչպիսիք են COVID-19-ից հավելյալ մահացությունը, այսինքն՝ մահացությունների թիվը, որ գերազանցել է սովորական պայմաններում ակնկալվող մահերի թիվը: Սակայն, այս ճշգրտումը չի պարզաբանել հիվանդանոց այցելությունների թվի կրճատումը, ուստի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ բժշկական օգնությունից խուսափելը համավարակով պայմանավորված կրճատման հիմնական պատճառն է եղել:
Բայց նույնիսկ այն բանից հետո, երբ չեղարկվեցին համավարակի պատճառով սահմանափակումները, բժիշկների այցելությունների և հոսպիտալացումների թիվը մնաց ավելի ցածր մակարդակի վրա, քան մինչև համավարակն էր: Սա արտացոլում է սրտի նոպաների հաճախականության ավելի լայն և կայուն նվազումը: Հետազոտողները ենթադրում են, որ այս միտումը մի շարք պատճառներ ունի, այդ թվում այն, որ մարդիկ սկսել են ավելի քիչ ծխել, հնարավոր է, սկսել են ավելի առողջ սնունդ օգտագործել, ինչպես նաև բարելավվել է ուղեկցող հիվանդությունների բուժումը, ինչպիսիք են խոլեստերինի բարձր մակարդակը և արյան բարձր ճնշումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր