Ուփսալայի համալսարանական հիվանդանոցի գիտնականները ցույց են տվել, որ ուղեղի վիճակն արտացոլող արյան պարզ հետազոտությունը կարող է կանխատեսել, թե ովքեր են առավել ենթակա ուղեղի կաթվածի վտանգի: Այս բացահայտումը նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող հիվանդների համար կարող է նպաստել ավելի անհատականացված բուժման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation հանդեսում։
Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված առիթմիան է, որից կյանքի ինչ-որ փուլում սկսում է տառապել բոլոր մարդկանց մոտ մեկ երրորդը: Նախասրտերի ֆիբրիլյացիան ուղեղի կաթվածի տարածված պատճառներից մեկն է, քանի որ սրտի անոմալ ռիթմը մեծացնում է նախասրտում արյան մակարդուկների առաջացման վտանգը:
Ուստի, նախասրտերի ֆիբրիլյացիայից տառապող շատ մարդիկ կաթվածը կանխելու համար ենթարկվում են հակակոագուլանտային թերապիայի: Սակայն, քանի որ հակակոագուլանտներով բուժումը հղի է լուրջ արյունահոսության ռիսկի բարձրացմամբ, այս բուժումը ստանում են ոչ բոլոր նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող մարդիկ, այլ միայն ուղեղի կաթվածի միջին կամ բարձր ռիսկ ունեցողները:
Հետևաբար, կարևոր է հնարավորինս ճշգրիտ բացահայտել այն անձանց, որոնց համար հակակոագուլանտային բուժումն օգտակար կլինի:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող ավելի քան 3000 մարդու արյան նմուշներում վերլուծել են վնասաբոր սթրեսի և հիպոքսիայի դեպքում ուղեղից արտազատվող սպիտակուցը նեյրոֆիլամենտ նյութը:
Այնուհետև հետազոտողները միջինը մեկուկես տարի հետևել են այս մարդկանց: Արյան մեջ նեյրոֆիլամենտների ամենաբարձր մակարդակ ունեցող մարդիկ ենթակա էին ուղեղի կաթվածի ամենաբարձր վտանգի: Նեյրոֆիլամենտների ամենաբարձր մակարդակ ունեցող խմբի շրջանում ուղեղի կաթվածի վտանգն ավելի քան երեք անգամ ավելի բարձր էր, քան ամենացածր մակարդակ ունեցող խմբի շրջանում:
Երբ գիտնականներն այնուհետև միացրել են նեյրոֆիլամենտները նույն մարդկանցից վերցված սովորական սրտի արյան նմուշների հետ, դա ուղեղի կաթված կանխատեսելու կարողությունն ավելի է բարձրացրել:
«Մենք նախկինում չէինք կարողանում այս կերպ չափել ուղեղի վրա նախասրտերի ֆիբրիլյացիայի ազդեցությունը: Քանի որ նախասրտերի ֆիբրիլյացիան ազդում է ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի վրա, տրամաբանական է, որ երկու գործոնները գնահատման դեպքում հետազոտության ճշգրտությունը մեծանում է», - պարզաբանում է Ուփսալայի համալսարանական հիվանդանոցի ուղեղի կաթվածի բժիշկ և հետազոտության համահեղինակ Կարլ Շելինը:
Արյան հետազոտություններն ամեն օր օգտագործվում են առողջապահության մեջ՝ գնահատելու համար մեր օրգանների՝ սրտի, երիկամների և լյարդի աշխատանքը, սակայն ՝ սրտանոթային հիվանդություններին առնչվող ուղեղի առողջությունը գնահատելու համար ընդհանուր առմամբ ընդունված արյան ստուգում գոյություն չունի:
«Մենք վաղուց գիտեինք նեյրոֆիլամենտների մասին, բայց միայն վերջին տարիներին ենք սկսել հասկանալ դրանց օգտագործման եղանակները»,- հավելել է Շելինը:
Հաջորդ քայլը նեյրոֆիլամենտների մակարդակի վրա տարբեր առողջապահական բուժումների ազդեցությունը հետազոտելն է՝ արդյոք դա ուղեղի կաթվածի կամ մահվան վտանգի առումով իր հերթին որևէ նշանակություն ունի՞, թե՞ ոչ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր