Լավ քունը անհրաժեշտ է երեխաների առողջության եւ զարգացման համար, բայց քնի ռեժիմը մանուկ հասակում կարող է կապված լինել հոգեոակտիվ նյութերի օգտագործման հետ հետագայում։ Նոր հետազոտությունը, որն իրականացրել է գիտնականների խումբը Փենսիլվանիայի նահանգի համալսարանում, ցույց է տվել, որ դեռահասներն ավելի հաճախ են ալկոհոլ կամ մարիխուանա օգտագործել 15 տարեկանում, եթե ավելի ուշ են պառկել քնելու եւ քիչ են քնել մանուկ հասակում։
Գիտնականների թիմը իր եզրակացությունները հրապարակել է Annals of Epidemiology ամսագրում։
Հետազոտական խումբը ուսումնասիրել է մանկական քունը զարգացման տարբեր փուլերում երեխաների միեւնույն ընտրանքում, որպեսզի պարզի, թե արդյոք այն ազդում է ավելի ուշ հոգեոակտիվ նյութերի օգտագործման վրա, ինչը շատ հետազոտություններում չէ, որ ուսումնասիրվել է։
Նրանք կենտրոնացել են քնի առողջության երկու տարբեր ուղղությունների վրա՝ քնի ընդհանուր տեւողության եւ քնելու ժամի կամ քնելու գնալու ժամանակի վրա։ Հետազոտողները բացատրել են, որ եթե երեխաները, հատկապես դպրոցահասակ, ավելի ուշ են պառկում քնելու, դա կարող է ազդել լավ քնելու նրանց ունակության վրա։
Հետազոտությունում օգտագործվել են ԱՄՆ 20 քաղաքների 1 514 երեխաների տվյալները։ Ծնողները տեղեկացրել են երեխայի քնելու պառկելու ժամանակի մասին երեք, հինգ եւ ինը տարեկանում։
Երբ հետազոտական խումբն ուսումնասիրել է մանուկ հասակում քնելու ժամանակի եւ քնի տեւողության միջեւ կապը հետագայում ալկոհոլի եւ մարիխուանայի օգտագործման հետ դեռահաս տարիքում, հայտնաբերել է երկայնակի կապ։ Հավանականությունը, որ դեռահասները ալկոհոլ կփորձեն 15 տարեկանում, 45 տոկոսով ավելին է եղել, եթե նրանք ուշ են պառկել քնելու ինը տարեկանում՝ այլ երեխաների համեմատ, որոնք ավելի շուտ են պառկել քնելու ինը տարեկանում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր