Պարոդոնտոզը հարատամնային հյուսվածքի համակարգային բորբոքումն է: Հանդիպում է բավականին հազվադեպ՝ ոչ հաճախ քան հիվանդների 1-8%-ի մոտ, բայց երրորդ տեղում է անբուժելիության մակարդակով սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հետո: Այս հիվանդության կանխարգելման, առաջին կլինիկական նշանների եւ պարոդոնտիտից դրա տարբերության, ինչպես նաեւ բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման մասին NEWS.am Medicine հարցազրույցում խոսեց «Վան» ստոմատոլոգիական կլինիկայի պարոդոնտոլոգիայի բաժնի վարիչ Վիկտորիա Կիլիկյանը:
Դժվար մասնագիտություն եք ընտրել՝ հաշվի առնելով, որ պարադոնտոզը չի բուժվում...
Այո՛, պարոդոնտոլոգիան երրորդ տեղում է անբուժելիության մակարդակով, սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հետո: Բայց, մյուս կողմից, պետք չէ դրա վրա կետնրոնացնել ուշադրությունը: Երբ գնում են սրտաբանի մոտ չեն մտածում, որ ինֆարկտը չի բուժվում: Պարոդոնտոզի ծագումնաբանությունը ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Դա չոր, քրոնիկ, ատրոֆիկ պրոցես է , որը դժվար է կանգնեցնել: Առավել հաճախ այն փոխանցվում է գենետիկորեն: Հաճախ պարոդոնտոզը զարգանում է այլ հիվանդությունների ֆոնի վրա, օրինակ՝ աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, աղեստամոքսային համակարգի խանգարումների, հիպովիտամինոզների եւ այլն: Ազդում են նաեւ ատամը շրջապատող հյուսվածքի արյունամատակարարման առանձնահատկությունների պատճառով (անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ) այդ հատվածի սնուցման խանգարումները: Մարդկանց 98%-ը տառապում է հարատամնային հյուսվածքի տարբեր ախտաբանություններով, բայց նրանցից միայն 4%-ն է տառապում պարոդոնտոզով: Այն հազվադեպ է հանդիպում: Ավելի հաճախ հանդիպում է պարոդոնտիտ՝ ինֆեկցիոն բորբոքային պրոցես, որն իր հերթին հանգեցնում է լնդերի հետ կապված խնդիրներ առաջացնող բարդությունների եւ ոսկրային հյուսվածքի բարդությունների: Գոյություն ունեն պարոդոնտիտի զարգացմանը նպաստող բազում պատճառներ:
Ինչպե՞ս տարբերել պարոդոնտիտը պարոդոնտոզից: Որո՞նք են պարոդոնտոզի առաջացման նշանները:
«Պարոդոնտոզին» վերագրվող կլինիկական նշանները (ատամնաքարի առաջացումը, լնդային գրպանիկներից թարախանման արտադրությունը, ատամների շարժունությունը) իրականում պարոդոնտիտի դասական դրսեւորումներն են: Պարոդոնտոզին բնորոշ են ատամների լավ ֆիքսացիան, ատամների վզիկի մերկացում առանց թարախի եւ լնդային գրպանիկների:
Ինչպես հայտնի է, բժշկության գլխավոր սկզբունքը ՝ կանխարգելումն է:
Այո՛:Այդ պատճառով ես իմ հիվանդներին ասում են, որ ես բժիշկ չեմ, ես ուսուցիչ եմ: Սովորեցնում եմ, ինչպես պահպանել ատամները: Հիվանդությունը դառնում է անբուժելի, եթե դու չգիտես էլեմենտար հիգիենայի կանոնները: Շատերը նույնիսկ չգիտեն ատամի խոզանակից օգտվելու ճիշտ ձեւը: Պարոդոնտիտ կարող են առաջացնել ատամնափառը, անորակ պլոմբը, բերանի խոռոչում տեղադրվող սխալ կառուցվածքները, սխալ կծվածքը, ինչը խաթարում է ատամների ինքնամաքրման պրոցեսը սնունդը ծամելու ժամանակ, եւ ծանրաբեռնվածության անհավասարաչափ բաշխում է առաջացնում։ Որոշ ատամների բացակայությունը նույնպես բարձրացնում է մյուս ատամների ծանրաբեռնվածությունը: Չմաքրելով ատամնանստվածքը՝ չի կարելի նոր ատամներ տեղադրել: Դա հետագայում կարող է լնդերի բորբոքում առաջացնել: Անոթային հիվանդությունները, իմունիտետը, հորմոնալ խանգարումները, ընդհանուր համակարգային հիվանդությունները եւ մնացած ամեն ինչը, իրենց հետքն են թողնում բերանի խոռոչի լորձաթաղանթի եւ հարատամնային հյուսվածքի վիճակի վրա: Ճիշտ բացահայտելով եւ արմատախիլ անելով պատճառը ՝ կարելի է բուժել պարոդոնտիտը:
Բայց չէ՞ որ համակարգային հիվանդությունները գրեթե անբուժելի են:
Ամեն բան հարաբերական է, բայց եթե հիմնական համակարգային հիվանդության բուժման ժամանակ բարդ է հասնել կայուն երկարատեւ ռեմիսիայի (քրոնիկ հիվանդությունների ընթացքի հատված, որը դրսեւորվում է նրա ախտանշանների զգալի թուլացումով կամ անհետացումով), ապա պարոդոնտիտի բուժման ժամանակ կայուն ռեմիսիային հասնում են ավելի հեշտ (իրականացված բուժկանխարգելիչ միջամտություններից հետո):
Ինտերնետում կարդացի իրիգատոր կոչվող տնային սարքի մասին: Ինչքանո՞վ է այն արդյունավետ բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար եւ ինչքանո՞վ է այն տարածվա Հայաստանում:
Իրիգատորը բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման եղանակներից մեկն է: Մենք խորհուրդ ենք տալիս այն օգտագործել առավոտյան նախաճաշից հետո եւ երեկոյան քնից առաջ: Ջրի շիթային հոսքի շնորհիվ այն հեշտությամբ մաքրում է սննդի մնացորդները, կապերի տակ կուտակված ատամնափառը, եւ հեշտացում է օրթոդոնտիկ բուժման ժամանակ բրեկետների մաքրումը: Այն իհարկե դուրս չի մղում ատամի խոզանակը: Բայց նույնիսկ ատամի խոզանակի ամենաճիշտ օգտագործումից հետո, կիրառելով իրիգատորը, դուք կհամոզվեք, որ ուղղակի լավ չեք մաքրել ատամները: Իսկ այն ինչ մնում է ատամների արանքում, քայքայվում է եւ աստիճանաբար առաջացնում կարիես (ատամնափութ), պարոդոնտոզ եւ պարոդոնտիտ : Եթե այս հիվանդություններն արդեն զարգացել են, միեւնույն է, իրիգատորն իր որոշակի դերը խաղում է: Այն ունի հիդրոմերսող հատկություն, ինչը լավացնում է արյունամատակարարումը: Տեղի է ունենում նաեւ պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկների մաքրում: Կան իրավիճակներ, երբ իրիգատորը իրոք թույլ է տալիս պահպանել ատամները, հատկապես լնդերի արնահոսության, բերանի խոռոչից տհաճ հոտի ժամանակ: Իրականացված պահպանողական բուժումից հետո իրիգատորի օգտագործումը, երկար ժամանակով պաշտպանում է լուրջ վիրահատական միջամտություններից: Նրանք նպաստում են, որպեսզի նորաստեղծ կառուցվածքները՝ կամուրջները, պրոթեզները, իմպլանտները սովորականից երկար ծառայեն: Չէ որ, ցեմենտի քայքայումը տեղի է ունենում հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով։ Շատ հաճախ բժիշկներն ատամ պատվաստելուց հետո, հիվանդներից հիգիենան պահպանելու գրառում են վերցնում:Եւ այստեղ իրիգատորներն անփոխարինելի են: Իրականում իրիգատորը մասնակիորեն փոխարինում է կլինիկական պայմաններում ատամների մասնագիտացված մաքրումը, այն իրականացնելով տնային պայմաններում:
Ստացվում է, ատամները մաքրելով իրիգատորով, կարելի՞ է ընդհանրապես մոռանալ ատամնաբույժների մասին:
Ո՛չ իհարկե: Իրեն հարգող յուրաքանչյուր մարդը կես տարին մեկ անգամ պետք է այցելի ստոմատոլոգի ատամների մաքրման համար: Իրիգատորն ուղղակի օգնում է պահպանել ստացված արդյունքը:
Եվ այդուհանդերձ ի՞նչ արմատական միջոց կարող է առաջարկել բժշկությունը պարոդոնտոզի կանխարգելման համար, եթե իհարկե այդպիսի բան կա:
Ամերիկայում եւ Եվրոպայում այն վաղուց բուժում են միայն վիրահատական եղանակով: Մեզ մոտ այս եղանակը ներդրվել է մի փոքր ավելի ուշ: Այս վիրահատությունն անում են պարոդոնտոլոգները, դիմածնոտային վիրաբույժները:
Եթե կա հնարավորություն, փոխարինում են ատամի շուրջ ատրոֆիայի ենթարկված ոսկրային հյուսվածքը: Կամ , հեռացնելով ատամը, աճեցնում են ատրոֆիայի ենթարկված հատվածը ոսկրի փոխարինիչով կամ սեփական ոսկրով, եւ իմպլանտ են տեղադրում:
Զրուցեց Յանա Ավչիյանը
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր