• Latest news

Ասբեստի օգտագործման արգելքը քաղաքակա՞ն, թե՞ գիտական որոշում է

22 հոկտեմբերի, 2014  15:57

Ասբեստը վնասակա՞ր է, թե՞ անվտանգ: Այսօր այս հարցը հուզում է ոչ միայն դրա արտադրության հարցում շահագրգռված անձանց, այլեւ քաղաքացիներին, ովքեր ամեն օր այսպես թե այնպես բախվում են ասբեստ պարունակող նյութերի հետ:

Ասբեստի փոշին քաղցկեղածին է համարվում. շատերը կարծում են, որ շնչուղիներում հայտնվելիս այն թոքերի մի շարք հիվանդություններ է առաջացնում, այդ թվում՝ թոքերի քաղցկեղ: Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը նույնիսկ ընդգրկել է ասբեստը առաջին կարգի քաղցկեղածինների ցանկում՝ մկընդեղի, ռադիումի եւ մի շարք այլ վտանգավոր նյութերի հետ միասին:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Իզմերովը հայ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ասբեստի ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր: Նրա խոսքով, երկնագույն ասբեստը, որը ստանում են հարավային Աֆրիկայում, իսկապես վտանգավոր քաղցկեղածին է: Իսկ քրիզոլիտե ասբեստը, որը ստանում են Ուրալասբեստում, լայնորեն օգտագործվում է նախկին ԽՍՀՄ տարածքում եւ վտանգ չի ներկայացնում:

Նիկոլայ Իզմերովի կարծիքով, ասբեստի օգտագործման համընդհանուր արգելքը կապված է ոչ թե այն բանի հետ, որ այն վտանգավոր է առողջության համար, այլ որոշ կողմերի քաղաքական եւ տնտեսական շահերի:

“Այո, ասբեստը քաղցկեղածին է այնքան, որքան նիկելը, քրոմը եւ նավթը, բայց ինչո՞ւ մենք դրանցից ոչ մեկը չենք արգելում: Իսկ ասբեստը պետք է արգելել, քանի որ այն Ռուսաստանում են արտադրում: Դա գիտական խնդիր չէ, այլ կոմերցիոն, քաղաքական եւ տնտեսական”, - ասաց նա լրագրողներին:

Ասբեստի կեսն աշխարհում արտադրվում է հենց Ռուսաստանում: Նիկոլայ Իզմերովը նույնպես նշեց, որ Ռուսաստանը քրիզոլիտե ասբեստի հիմնական արտադրողն է, եւ այստեղ շուրջ կես միլիոն մարդ ներգրավված է ասբեստի արդյունաբերությունում. նրանք զբաղվում են արդյունահանմամբ, այդ նյութի մշակմամբ, աշխատում են թիթեղի, ասբեստ-ցեմենտի խողովարկների արտադրության գործարաններում եւ այլն: Կարելի է պատկերացնել, թե ասբեստի արգելումն ինչպիսի վնաս կհասցնի Ռուսաստանին: Կարելի է նաեւ պատկերացնել, թե ֆինանսական ինչպիսի ներդրումներ կպահանջվեն՝ այդ բոլոր գործարանները վերափոխելու եւ որեւէ այլ բանի արտադրություն սկսելու համար:

Նիկոլայ Իզմերովի խոսքով, 2007 թվականի մայիսի 23-ին Առողջապահության համաշխարհային 60-րդ վեհաժողովի ժամանակ ընդունված բանաձեւի համաձայն՝ ԱՀԿ-ն աշխարհի աշխատավոր բնակչության առողջության պահպանման 2008-2017 թվականների գլոբալ ծրագիր է ընդունել: Դրա կետերից մեկն ասբեստով պայմանավորված հիվանդությունների խնդրի լուծումն է, որի շրջանակներում առաջարկվում էր արգելել ոչ թե ընդհանրապես ասբեստի, այլ դրա վտանգավոր տեսակների օգտագործումը: Բայց չգիտես ինչու, Իզմերովի խոսքով, այսօր ե՛ւ ԱՀԿ-ն, ե՛ւ մյուս բոլորն անտեսում են այդ փաստը եւ բոլոր պետություններին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, խորհուրդ են տալիս արգելել ցանկացած տեսակի ասբեստի գործածումը, չնայած դրա համար գիտական ոչ մի հիմնավորում չկա:

“Մենք չենք ասում, որ ասբեստը քաղցկեղածին չէ, մենք ասում ենք, որ ասբեստի վերահսկվող կիրառությունն այսօր հնարավոր է”, - նշեց Նիկոլայ Իզմերովը:

Այս կամ այն տեսակի ասբեստի օգտագործումն արգելած երկրների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել