• Latest news

Ցողունային բջիջների տրանսպլանտացիան՝ ցնցումային նոպաների նվազեցման միջոց

8 նոյեմբերի, 2014  22:18

ՄաքԼինի հիվանդանոցը եւ Հարվարդի համալսարանին կից գործող ցողունային բջիջների ինստիտուտը ներկայացնող գիտնականների համատեղ խմբի նախաձեռնությամբ՝ լաբորատոր մկների նկատմամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցողունային բջիջների օգնությամբ կարելի է ցնցումային նոպաների կրճատման հասնել, հաղորդում է FoxNews-ը: 

Գիտահետազոտական խմբում ներառված փորձագետները էպիլեպսիայով ախտորոշված կրծողների ուղեղի մեջ սաղմի ցողունային բջիջներից ստացված նեյրոններ են տեղակայել, ինչի արդյունքում կենդանիների շուրջ 50 տոկոսն ընդհանրապես ազատվել են նոպաներից, իսկ մյուս կեսի մոտ դրանց հաճախականության նշանակալի կրճատում է նկատվել:

Երեւույթի պատճառն այն է, որ կենդանիների ուղեղում ներպատվաստված նեյրոնները սկսել են ցնցումային նոպա հրահրող էլեկտրական հիպերակտիվությունը չեզոքացնելու հատկությամբ է աչքի ընկնող գամմա-ամինոբուտիրիկ թթվի՝ GABA-ի արտադրություն խթանել:

«Նախընթաց մի շարք հետազոտություններով վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ GABA-ի ազդեցությամբ կամ, ինչպես մի շարք դեղամիջոցների պարագայում, դրա նմանակմամբ հնարավոր է նոպաների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերել, ուստի GABA-ի ռեցեպտորներին ամրացումը հետազոտության գլխավոր նպատակն էր հանդիսանում», - մեկնաբանել է կրթօջախի հոգեբանության ամբիոնի դոցենտ Սանգմի Չունգը:

Գիտնականի հաղորդմամբ, ներկայումս էպիլեպսիայի դեմ նշանակվող դեղամիջոցները 30 տոկոս դեպքերում ի վիճակի չեն գիտակցության կորստով եւ այլ նյարդաբանական ախտանշաններով զուգակցվող ցնցումային նոպաների նվազեցման հանգեցնել, մինչդեռ հիվանդությամբ տառապողների թիվը ողջ աշխարհում ավելի քան 65 մլն-ի է հասնում: Որոշ դեպքերում անօգնական վիճակում հայտնված հիվանդները ստիպված են ուղեղի մասնակի հեռացման համաձայնել:

«Այդուհանդերձ, քանի որ մկան բջիջներն ավելի արագ՝ շաբաթների ընթացքում են հասունանում, անհնար է միանշանակ ասել, թե մարդու պարագայում, երբ հասունացումը կարող է տարիներ տեւել, բուժման գործընթացը որքան ժամանակ անց ազդեցություն կապահովի», - նշել է դոկտոր Չունգը:

Թեեւ, ինչպես կրծողների նկատմամբ իրականացված փորձարկումներն են ցույց տվել, նույնիսկ ամբողջությամբ չհասունացած բջիջները էպիլեպսիայով ախտահարված ուղեղում ազդակներ ընդունելու եւ GABA-ի արտազատմանը խթանելու հատկություն են դրսեւորում:

«Տրանսպլանտացիայի տեսանկյունից լավ նորությունն այն է, որ նույնիսկ ոչ ամբողջությամբ հասունացած բջիջներն աշխատելու հնարավորություն են ձեռք բերում», - մեկնաբանել է գիտնականը:

Էպիլեպտիկ նոպաների առաջացման համար պատասխանատու մեխանիզմների բնույթը մինչ այժմ էլ անհասկանալի է մնում գիտական աշխարհի համար, թեեւ ուղեղից հեռացված հատվածների ուսումնասիրությունն այն եզրահանգման է հանգեցրել, որ նոպաները միջնեյրոնային կապերի կորստով են զուգորդվում:

Այդուհանդերձ, նախքան կլինիկական փորձարկումների մեկնարկը, պրիմատների նկատմամբ հետազա հետազոտությունների եւ նեյրոնների զտմանը միտված գործընթացի բացահայտման կարիք է զգացվում:  «Հաշվի առնելով բազմաթիվ հիվանդների հուսահատ վիճակը, հույս ենք փայփայում, որ ամեն ինչ արագ կընթանա», -ամփոփել է դոկտոր Չունգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է