Ինչ խնդիրներով են մեր հայրենակիցներն առավել հաճախ դիմում մաշկաբան-կոսմետոլոգի օգնությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ այս հարցին անդրադարձավ բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ դեռահասների շրջանում ամենատարածված խնդիրն ակնեն է՝ բշտիկացանը: Հայաստանում մաշկի այս հիվանդությունը շատ տարածված է եւ, բանախոսի կարծիքով, հիմնականում կապված է գենետիկական հորմոնալ անհավասարակշռության հետ, թեեւ ստամոքսաաղիքային համակարգի խնդիրները, սթրեսը եւ դեղամիջոցների օգտագործումը եւս դրա առաջացման պատճառ կարող են դառնալ:
Մեր երկրում հաջորդ տարածված խնդիրը, հատկապես հայուհիների շրջանում, ճարպոտ մաշկն է, որը, ոչ ճիշտ խնամքի դեպքում, կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել: Իսկ ճարպոտ մաշկը սխալ են խնամում շատերը՝ օգտագործելով յուղոտ սնուցող քսուքներ, եւ այդպիսով մաշկը դարձնում են ավելի ճարպոտ եւ ավելի են փակում եւ կեղտոտում ծակոտիները:
Հայաստանում տարածված մաշկային հիվանդություններից են նաեւ՝ կուպերոզը (առաջանում է մաշկածածկույթում արյան շրջանառության խանգարման պատճառով, հիմնականում պահանջում է մաշկաբանական եւ կոսմետոլոգիական բուժում), ռոզացեան (դեմքի մաշկի քրոնիկ հիվանդություն, որի պատճառն անոթանյարդախտային խանգարումներն են եւ պահանջում են փուլային բուժում) եւ անգիոպատիան (արյունատար անոթների ախտահարումն է՝ նյարդային կարգավորման խանգարման հետեւանքով): Մեր երկրում բժիշկներին հաճախ դիմում են նաեւ պիգմենտացիայի խնդրով, որի պատճառով մաշկի վրա մուգ բծեր են առաջանում:
Բանախոսը նշեց նաեւ, որ մեծահասակ կանանց շրջանում մեծ ճանաչում է վայելում լիֆթինգի բուժակարգը՝ կնճիռներից ազատվելու նպատակով մաշկի ձգումը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելացել է մաշկը երիտասարդացնելու նպատակով մաշկաբանին եւ կոսմետոլոգին դիմող կանանց թիվը:






