Մոտ ապագայում Երեւանում կհայտնվեն ավտոբուսներ, որոնք հարմարեցված կլինեն անվասայլակով տեղաշարժվող անձանց համար: Նման առաջին ավտոբուսը մի քանի օր առաջ է փորձարկվել, փորձարկմանը մասնակցել է նաեւ «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: NEWS.am Medicine-ի թղթակց հետ զրույցում նա նշեց, որ ավտոբուսում տեղադրվել է հատուկ «վերելակ», որի օգնությամբ անվասայլակով տեղաշարժվողները կարող են բարձրանալ ավտոբուս:
«Այն շատ հարմար է եւ անվտանգ»,-նշեց նա:
Ալավերդյանը հավելեց, որ ավտոբուսի վարորդը կարող է «վերելակը» աշխատեցնել առանց տեղից շարժվելու՝ իր հեռակառավարման վահանակի միջոցով: Այդուհանդերձ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում վարորդներն ամեն դեպքում իջնեն,օգնեն անվասայլակով տեղաշարժվող ուղեւորներին եւ համոզվեն, որ ամեն ինչ կարգին է:
Նա ընդգծեց, որ այդ ավտոբուսները նաեւ շատ հարմարավետ են սահմանափակ կարողություններով երեխաներին անվասայալակով տեղափոխող ծնողների համար, քանի որ նրանք մեծ դժվարությամբ են անվասայլակները սովորական ավտուբուս բարձրացնում:
Սկզբում Երեւանում հայտնվելու է նման 10 ավտոբուս: Ալավերդյանի խոսքով՝ ընտրվել են այնպիսի երթուղիներով ավտոբուսները, որոնք կենտրոնը կկապեն քաղաքի տարբեր հատվածների հետ: Ավտոբուսների աշխատանքի ժամանակացույցը հրապարկվելու է եւ հասանելի է լինելու բոլորի համար: Ենթադրվում է, որ ավտբուսները հստակ հետեւելու են ժամանակացույցին, որպեսզի մարդիկ երկար չսպասեն եւ կարողանան դասավորել իրենց անելիքները: Չի բացառվում, որ նման ավտոբուսների թիվն ավելանա այս տարի: Ալավերդյանի խոսքով՝ եթե մինչեւ տարեվերջ այդ ավտոբուսների թիվը հասնի 30-ի, շատ լավ կլինի, քանի որ դա անվասայլակով տեղաշարժվողներին ավելի հաճախ քաղաք դուսր գալու եւ ավելի ակտիվ կյանք վարելու հնարավորություն կտա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր