• Latest news

Գենետիկական բազմազանությունը հնարավորություն է տալիս հայերին գոյատեւել հազարամյակների ընթացքում

20 ապրիլի, 2015  15:47

Մեր գենետիկական բազմազանությունն այնքան հարուստ է, որ թույլ է տալիս գոյատեւել դարեր, հազարամյակներ շարունակ։ Այս մասին այսօր, ապրիլի 20–ին, Հայաստանի Գիտությունների ազգային Ակադեմիայում կայացած «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսի ժամանակ ասաց ուսումնասիրության հեղինակ, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լեւոն Եպիսկոպոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի բնակիչների եւ այն մարդկանց, ում արմատները պատմական Հայաստանից են,  գենոմի ուսումնասիրությունների արդյունքում մի շարք հետաքրքիր փաստեր են բացահայտվել:

Հայերի հիմնադիր հայրերը

Հայերի հայրական գծով Y-քրոմոսոմների կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայերը բազմաթիվ հիմնադիր-հայրեր ունեն: Հայերի Y-քրոմոսոմների մեծ մասը պատկանում է նեոլիթի շրջանում ձեւավորված տոհմերին:

Լեւոն Եպիսկոպոսյանը նշեց, որ գենետիկական բազմազանությունը հայերի շրջանում ավելի շատ է, քան հայերի եւ մնացած ազգերի միջեւ: Տարբերությունների մոտ 85 տոկոսը հանդիպում է հայկական գենոֆոնդի ներսում, եւ միայն 15 տոկոսով ենք մենք տարբերվում այլ ազգերից:

Օտար գենետիկական հետքերի բացակայությունը հայկական գենոֆոնդում

Հայերի գենոֆոնդը վերջին հազարամյակներում էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել՝ չնայած բազմաթիվ արշավանքների: Այսպես, Կենտրոնական Ասիայի՝ մեր տարածաշրջանի վրա գենետեկական ազդեցությունը ցույց է տալիս, որ, օրինակ, Ատրպատականում թյուրքական հետքը կազմում է 12 տոկոս, Թուրքիայում՝ 8-9 տոկոս, Հայաստանում՝ 0.5 տոկոս:

Հայկական գենոֆոնդը՝ յուրատեսակ ռելիկտային երեւույթ

Ժամանակակից հայերի գենետիկական հատկանիշների միջոցով կարելի է ուսումնասիրել այն երեւույթները, որոնք գոյություն են ունեցել նեոլիթի կամ բրոնզե դարի շրջանում: Հետազոտողներն եկել են այն եզրահանգման, որ Հայկական լեռնաշխարհը նեոլիթի շրջանի երկրագործների միգրացիայի համար միջանցքի դեր էր կատարում: Իսկ ինչ վերաբերվում է հայերի՝ որպես ազգի պատմությանը, ապա, գենետիկական տվյալների համաձայն, այն 5-5.5 հազար տարեկան է:

Լեւոն Եպիսկոպոսյանը նշեց, որ այս նախագիծը մուլտիդիսցիպլինար հետազոտության լավ օրինակ է, քանի որ դրանում ներգրաված են ինչպես մոլեկուլյար ու բժշկական գենետիկները, այնպես էլ պատմաբաններն ու հնէաբանները, իսկ այդ հետազոտության վերջնական արդյունքը նշանակալից ներդրում կլինի հայագիտության զարգացման գործում:

Բանախոսը ընդգծեց նաեւ, որ «մենք վերակենդանացնում ենք նախնիներին», եւ այս հետազոտությունը նաեւ հարգանքի տուրք է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եպիսկոպոսյանը կոչ արեց Սփյուռքի ներկայացուցիչներին աջակցել այս նախագծին, որպեսզի հայերի գենետիկական քարտեզագրումը հնարավորինս ճշգրիտ լինի, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ ծրագիրը հովանավորներ կունենա:

Նշենք, որ շնորհանդեսին ներկա էր հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է