• Latest news

Հայաստանում շաքարախտով հիվանդ երեխաներն ու երիտասարդները եկող շաբաթվանից ինսուլինային գրիչ-ներարկիչներ կստանան

30 հոկտեմբերի, 2015  19:08

Մինչեւ 18 տարեկան երեխաներն ու մինչեւ 22 տարեկան երիտասարդները, որոնք տառապում են առաջին տեսակի շաքարախտով, հաջորդ շաբաթվանից կկարողանան ինսուլինային ներարկիչ-գրիչներ ստանալ  «Վերահսկիր շաքարախտը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում։ Այդ մասին լրագրողներին պատմել է մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։  

Մասնագետի խոսքով, Հայաստանում առաջին տեսակի շաքարախտ ունեցողները ստացել են եւ շարունակում են մարդկային ինսուլին ստանալ, երբեք դրա հետ կապված խնդիր չի եղել։  Սակայն գիտությունը տեղում կանգնած չէ, նոր, ավելի կատարյալ տեխնոլոգիաներ են ստեղծվում, որոնք թեթեւացնում են շաքարախտով հիվանդների կյանքը։ Մասնավորապես, այսօր արդեն կան ինսուլինային անալոգներ, որոնց ազդեցությունը առավելագույնս նման է մարդու օրգանիզմում արտադրվող իսկական ինսուլինի ազդեցությանը։    

Հենց նման՝ ինսուլինային անալոգներ են իրենց մեջ պարունակում ինսուլինային ներարկիչները, որոնք շուտով մատչելի կլինեն երեխաների եւ երիտասարդների համար։  Ինչպես նշել է մասնագետը, դրանք անհամեմատ ավելի հարմար կիրառություն ունեն, քան սովորական ինսուլինը, որն անհրաժեշտ է օրգանիզմի մեջ մտցնել ներարկիչի միջոցով, ու նույնիսկ փոքր երեխաներին կարելի է սովորեցնել ինքնուրույն օգտվել դրանցից եւ ինքն  իրեն ինսուլինի ներարկում անել։ 

Ինսուլինային ներարկիչ-գրիչները, ինչպես նշել է էնդոկրինոլոգը, մի շարք առավելություններ ունեն մարդկային ինսուլինի նկատմամբ, դրանք նաեւ օգնում են   կրճատել օգտագործման ընթացքում ինսուլինի կորուստները։Ավելին, այդ սարքի միջոցով կատարվող ներարկումները հնարավոր կլինի անել տանը եւ դրսում, ինչը շաքարախտով հիվանդ երեխաների գրաֆիկն անհամեմատ ավելի ճկուն եւ հարմարավետ կդարձնի։  

Առաջին տեսակի շաքարախտով հիվանդ ամեն երեխան ու երիտասարդը մեկական ներարկիչ-գրիչ կստանա (որոնք, իմիջիայլոց, տարբեր գույների են լինում), իսկ փոխարինվող ինսուլինային քարթրիջներ եւ ասեղներ կստանան այնքան, որքան իրենց պետք կլինի։ 

Ծրագրի շրջանակում երեխաներին ու երիտասարդներին կտրամադրեն նաեւ գլյուկոզայի չափիչների համար նվազագույն քանակությամբ սթրիպներ, որոնք եւս անհրաժեշտ են արյան մեջ գլյուկոզայի քանակը չափելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել