Ծխելն աշխատանքի փնտրտուքի լուրջ խոչընդո՞տ է

13:28   13 ապրիլի, 2016

Ծխող մարդիկ ավելի երկար են գործազուրկ մնում եւ ավելի քիչ են վաստակում, քան չծխողները: Ամեն դեպքում այդ պնդումը ճիշտ է ԱՄՆ-ի համար: Ամերիկացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է  JAMA Internal Medicine ամսագրում:

Սոցիոլոգները բազմիցս կապ են հայտնաբերել ծխելու եւ գործազրկության միջեւ, սակայն   պարզ չէ, թե ինչն է պատճառ, եւ ինչը` հետեւանք (օրինակ, իրենց պաշտոնը կորցրած մարդիկ սթրեսից սկսում են ծխել):

Սա պարզելու համար գիտնականները մեկ տարի շարունակ հետեւել են   131 ծխող գործազուրկի  եւ 120 մարդու կենսական հետագծին, որոնք առանց աշխատանքի են մնացել եւ չեն ծխել: Հետազոտության սկզբից 12 ամիս անց ծխողների ընդամենը  27 տոկոսն էր աշխատանք գտել, մյուս խմբում այդ ցուցանիշը  56  տոկոս էր կազմում:

Բացի այդ, չծխողները միջինը հինգ դոլար ավելի էին վաստակում, քան ծխողները: Տվյալ օրինաչափությունը շարունակվել է նույնիսկ այլ գործոններ հաշվի առնելու դեպքում   (օրինակ` հարցվածների տարիքը, կրթության մակարդակը եւ առողջական վիճակը):

Գիտնականները նախատեսել են հետագայում մոտիվացիայի արդյունավետ մեթոդ ներկայացնել, որը ծխողներին թույլ կտա հրաժարվել իրենց սովորույթից եւ նոր աշխատանք գտնել:

 



© NEWS.am Medicine