Մանկական մահացության 80 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսում

17:20   29 ապրիլի, 2016

Ամեն տարի Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում մոտ 350 մահ է գրանցվում, նրանցից 75-80 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրվա ընթացքում: Նեոնատալ ծառայության բարելավումը կարող է օգնել փրկելու այդ երեխաներից շատերին եւ բարելավելու երկրում դեմոգրաֆիական իրավիճակը: Այդ մասին լրագրողներին պատմել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: 

Հայաստանում նեոնատալ ծառայության մակարդակը գնահատելու եւ դրա բարելավման ուղի գտնելու համար Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան USAID-ի ֆինանսական աջակցությամբ 32 ծննդատան մոնիտորինգ է իրականացրել` 21 շրջանային եւ 11 մայրաքաղաքային: Մոնիտորինգի արդյունքները ներկայացվել են ապրիլի 29-ին Երեւանում կազմակերպված համաժողովին:  

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար, Երեւանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Քալենթերյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ մոնիտորինգն ի հայտ է բերել Հայաստանում նեոնատոլոգիական ծառայության ուժեղ եւ թույլ կողմերը: Մասնավորապես, նորածինների շրջանում մահացությունը նվազել է, եւ դրանք, նեոնատոլոգի խոսքով, օբյեկտիվ տվյալներ են: Ճիշտ է, խնդիր է մնում տեխնիկական զինվածությունը, բժիշկների եւ բուժքույրերի պրոֆեսիոնալիզմը հատկապես երկրի շրջաններում եւ այլն: 

Հրանտ Քալենթերյանի խոսքով, Հայաստանում նեոնատալ ծառայությունների բարելավման ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնց շնորհիվ առաջիկա   2 տարվա ընթացքում հնարավոր կլինի նորածինների շրջանում մահացությունը նվազեցնել առնվազն   15-20 տոկոսով, իսկ իդեալական դեպքում` ամբողջ 30 տոկոսով: Նախատեսված միջոցառումների թվում է շրջանային կլինիկաների ապահովումը պլանշետներով եւ առցանց վերապատրաստում իրականացնելու հնարավորությունը, նեոնատոլոգների համար բժշկական ընթացակարգերի մշակումը եւ շատ այլ միջոցառումներ:

Հրանտ Քալենթերյանը նշել է, որ համաժողովին հավաքվել են բոլոր շահագրգիռ կողմերը` առողջապահության նախարարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նեոնատոլոգներ տարբեր կլինիկաներից:



© NEWS.am Medicine