Որքան ջուր է պետք խմել երիկամներում քարերի կանխարգելման համար

11:52   18 մայիսի, 2016

Կարծիք կա, թե երիկամներում քարերի առաջացման պատճառներից մեկը սննդակարգում հեղուկի պակասն է: Հենց այդ պատճառով շատ մասնագետներ մարդկանց խորհուրդ են տալիս, եթե ոչ մի հակացուցում չկա, ամեն օր բավարար քանակությամբ ջուր խմել, ինչը կարող է կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը: Բայց որքան ջուր է անհրաժեշտ խմել դրա համար: 

Վիրաբույժ-ուրոլոգ Անուպ Ռամանին կարծում է, որ հասուն մարդուն անհրաժեշտ է այնքան խմել, որպեսզի նրա օրգանիզմից առնվազն երկու լիտր մեզ դուրս գա: Միայն այդպես երիկամները կկարողանան լվալ տոքսինները եւ աղերին ու նստվածքներին թույլ չեն տա կուտակվել քարեր առաջացնելու համար: Մասնագետի խոսքով, եթե Դուք երբեւէ չեք բախվել միզաքարային հիվանդությանը, օրական  6-ից 8 բաժակ խմելն իդեալական կլինի: Բայց եթե Դուք արդեն ունեցել եք քարեր երիկամներում, Ձեզ անհրաժեշտ է օրական առնվազն երեք լիտր ջուր օգտագործել: 

Սակայն ջրի ճշգրիտ քանակությունը կախված է կոնկրետ մարդու ապրելակերպից. այդ թվի վրա ազդում է ֆիզիկական ակտիվության մակարդակը, օդի ջերմաստիճանը եւ մի շարք այլ գործոններ: Ահա թե ինչու, ուրոլոգի կարծիքով այդքան կարեւոր է հետեւել, թե օրական որքան մեզ է դուրս գալիս օրգանիզմից: Եթե մեզը քիչ է, այսինքն մարդն ընդամենը մեկ-երկու անգամ է զուգարան գնում, սննդում ջրի քանակն անհրաժեշտ է ավելացնել: Իմիջիայլոց, չափից հաճախ զուգարան գնալը լավ նշան չի համարվում եւ կարող է այնպիսի հիվանդություններ մատնանշել, ինչպիսին է դիաբետը կամ շագանակագեղձի խանգարումը: 

Օպտիմալ է համարվում օրական 5-6 անգամ զուգարան գնալը, ընդգծել է մասնագետը:

Իմիջիայլոց, ոչ միայն ջուրը, այլեւ այլ հեղուկներ կարող են օգնել կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը, այդ պատճառով թեյերից եւս չարժե հրաժարվել:



© NEWS.am Medicine