Սմարթ-թեւնոցը կօգնի որոշել արյան մեջ ալկոհոլի պարունակությունը

20:23   21 մայիսի, 2016

Արյան մեջ ալկոհոլի խտությունը որոշելու նպատակով անալիզները, ինչպես նաեւ այն խողովակները, որոնց մեջ անհրաժեշտ է «շնչել», մոտ ժամանակներս անցյալում կմնան: Առաջիկա տարիներին դրանց կփոխարինի հատուկ թեւնոցը, որն ի վիճակի է փաստացիորեն իրական ժամանակում որոշել արյան մեջ ալկոհոլի մակարդակը:  

BACtrackSkyn թեւնոցը, որը BACtrack ընկերության կողմից մշակվել է Wearable Alcohol Biosensor Challenge մրցույթի շրջանակում National Institute on Alcohol Abuse and Alcoholism-ի նախաձեռնությամբ, դաստակին են կրում. արտաքինից այն նման է ֆիթնես-թրեքերներին, որոնք այնքան մեծ տարածում են ստացել վերջերս: Թեւնոցն ի վիճակի է որոշել ալկոհոլի մակարդակը անդրմաշկային եղանակով, չծակելով եւ չվնասելով մաշկը.  BACtrackSkyn-ը մշտապես պարզում է անհրաժեշտ ցուցիչները եւ սմարթֆոնին տեղեկություններ է ուղարկում Bluetooth-ի միջոցով:

Մշակողների կարծիքով, թեւնոցն օգտակար կլինի հետազոտողներին, որոնք զբաղվում են ալկոհոլի ազդեցության ուսումնասիրմամբ. նրանք կկարողանան ստանալ իրենց անհրաժեշտ տվյալները, ընդ որում, ստիպված չեն լինի արյուն վերցնել հետազոտության մասնակիցներից: Բացի այդ, սարքը կկարողանան օգտագործել այն մարդիկ, որոնք հարբեցողությունից բուժման կուրս են անցել:  

Wearable Alcohol Biosensor Challenge մրցույթի շրջանակում անհրաժեշտ էր այնպիսի սարք ստեղծել, որն առավելագույնս արագ եւ ճշգրիտ չափում է արյան մեջ ալկոհոլի խտությունը: Այլ մշակողներ առաջարկել են արյան մակարդակը պարզելու համար ժամանակավոր դաջվածքներ օգտագործել, որոնք փոխում են գույնը, կամ էլ դրա խտությունը որոշել քրտինքում:



© NEWS.am Medicine