13:06 1 հունիսի, 2016Շատ շատերը գիտեն, որ ծխելն ուղղակիորեն կապված է թոքերի քաղցկեղի հետ, բայց օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցությունը դրանով չի սահմանափակվում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 քիչ հայտնի հիվանդություն, որոնք ի հայտ են գալիս ծխելու հետեւանքով:
1. Բերանի խոռոչի քաղցկեղ
Բերանի խոռոչի քաղցկեղը քաղցկեղի ամենանենգ տեսակներից է: Սովորաբար այն շատ ուշ են հայտնաբերում, երբ արդեն հասցնում է մետաստազներ տալ եւ գրեթե չի ենթարկվում բուժման: Խնդիրն այն է, որ քիչ մասնագետներ են իրենց հիվանդների մոտ բերանի խոռոչի քաղցկեղ փնտրում, իսկ իրենք` հիվանդները, չիմանալով նման հիվանդության մասին, երբեք բժիշկների ուշադրությունը չեն հրավիրում բերանում տարօրինակ խոցերի վրա:
Բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը ծխողներ են կամ նախկին ծխողներ, եւ հենց ծխելն է համարվում ռիսկի թիվ մեկ գործոնը. ծխախոտի կազմի մեջ մտնող քիմիական նյութերը բերանի խոռոչում հայտնվելով քաղցկեղածին ազդեցություն են ունենում: Ծամելի ծխախոտը բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման ռիսկի հաջորդ գործոնն է:
2. Էրեկտիլ դիսֆունկցիա
Էրեկտիլ դիսֆունկցիան էրեկցիայի խանգարումն է, ինչի հետեւանքով տղամարդը չի կարողանում նորմալ սեռական գործողություն կատարել. դա հաճախ անառողջ ապրելակերպի հետեւանք է լինում եւ, մասնավորապես, ծխելու, որը բացասաբար է ազդում անոթների վիճակի վրա եւ վատացնում է արյան շրջանառությունը, որը նորմալ էրեկցիա է ապահովում:
3. Լնդերի հիվանդություն
Ծխելու հետեւանքով տուժում են նաեւ լնդերը, որոնց հիվանդությունների հետեւանքով ծխողները կարող են կորցնել լիովին առողջ ատամները, պնդում են ատամնաբույժները: Բժիշկները հաճախ բախվում են թուլացած լնդերով եւ երերացող ատամներով ծխող հիվանդների:
Ծխելը փոխում է նաեւ ատամների գույնը` այն ավելի մուգ դարձնելով: Դա տեղի է ունենում ատամնափառի հետեւանքով, որ թողնում են ծխախոտում պարունակվող քիմիկատները: Ատամները ճիշտ մաքրելու դեպքում դրանց գույնը հնարավոր է վերականգնել, սակայն լնդերին եւ բերանի խոռոչի առողջությանը ծխելու բերած վնասը ոչ միշտ է հնարավոր հետ շրջել:
4. Օստեոպորոզ
Քչերն են լսել ծխախոտի ծխի ավերիչ ազդեցության մասին ոսկրերի առողջության վրա, բայց պարզվում է, որ ծխելը զգալիորեն բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը:
Հարցն այն է, որ ծխելը եւ նույնիսկ պասիվ ծխելը ոսկրերում նյութափոխանակության խանգարման եւ ոսկրային զանգվածի կորստի է հանգեցնում, ինչը մեծացնում է օստեոպորոզի զարգացման եւ ջարդվածքների ռիսկը: Եթե երեխան մանուկ հասակում ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը, տարիներ անց նրա մոտ կարող են ոսկրերի հետ կապված խնդիրներ առաջանալ: Իհարկե, այդ ժամանակ նա հազիվ թե մտածում է, որ անսպասելի կոտրվածքները կապված են ծխի հետ, որը նա շնչել է հեռավոր մանկությունում: Հենց այդ պատճառով օստեոպորոզը կոչում են «մեծ հասակում դրսեւորվող մանկական հիվանդություն»:
5. Երեխայի առողջությունը
Հղիության ընթացքում ծխելը եւ պասիվ ծխելը փոխում են երեխայի ԴՆԹ-ն եւ կարող են նրա մոտ բնածին արատների առաջացման հանգեցնել: Ավելին, հղիության ընթացքում ծխող կանայք հաճախ շիզոֆրենիայի հակում ունեցող երեխաներ են ունենում: Այս պաթոլոգիայով երեխաների ծնունդը, մասնագետների կարծիքով, կապված է հենց մոր արգանդում պտղի ուղեղի վրա նիկոտինի ազդեցության հետ: