Բեկորային վնասվածք ստացած զինծառայողը հույս ունի իր ոտքով տուն վերադառնալ

22:37   1 հունիսի, 2016

18-ամյա Հայկ Թորոսյանը, որը երեւանյան Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն է ընդունվել հաշմանդամի սայլակով, հույս ունի տուն վերադառնալ իր ոտքով: 

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայկը գլխի բեկորային վնասվածք է ստացել Մատաղիսում. պայթած արկի բեկորը ճակատով մտել է նրա գլուխը եւ վնասել ուղեղը: Հայկը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ առաջինը նրան տեսել է ընկերը` Կարո Անդրեասյանը եւ օգնություն է կանչել: Տեղ հասած բժիշկները կանգնեցրել են արյունահոսությունը եւ վիրավորին տեղափոխել են տեղի հիվանդանոց, այնտեղից էլ արդեն` Երեւան, որտեղ վիրաբույժները նրա գլխից հանել են բեկորը եւ կարել են վերքը: 

Հայկի կյանքին արդեն վտանգ չէր սպառնում, սակայն ուղեղի վնասվածքների հետեւանքով նա կորցրել էր ձախ ձեռքի եւ ոտքի զգայունությունը: Երբ նա եկել է վերականգնողական կենտրոն, գրեթե չէր կարողանում շարժել ոչ ոտքը, ոչ` ձեռքը: Այսօր, ֆիզիոթերապեւտների հետ արդեն մոտ 25 օր աշխատելուց հետո նա կարողանում է քայլել ու նույնիսկ շարժել ուսը, այդ պատճառով նրա ցանկությունը` կենտրոնից դուրս գրվելուց հետո իր ոտքով տուն վերադառնալ, լիովին կարող է իրականանալ: 

Ֆիզիոթերապեւտ Վահե Հովակիմյանը, որն աշխատում է Հայկի հետ,  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն հաջողությունների մասին, որ գրանցում է 18-ամյա զինվորը: Ընդամենը 10 օրում նա սկսել է շարժել ոտքը, իսկ այժմ արդեն սովորում է քայլել: Ավելին, մասնագետները չէին սպասում, որ նա կկարողանա այդքան արագ սկսել շարժել ձախ ուսը. տղան զարմացրել է նրանց: 

Որքան ժամանակ անհրաժեշտ կլինի լիակատար վերականգնման համար եւ որքան ամբողջական կլինի վերականգնումը դրա արդյունքում, առայժմ դժվար է ասել: Մասնագետը նշել է, որ մարդկանց օրգանիզմներն ու հնարավորությունները տարբեր են, բայց քանի որ Հայկը երիտասարդ եւ ուժեղ է, նրա մոտ  ամեն ինչ նորմալ կլինի: 

«Հայկի մոտ առաջընթաց կա եւ բավականին մեծ: Հուսանք, որ նա իրոք իր ոտքով տուն կվերադառնա», - ասել է Վահե Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ 21-ամյա տանկիստ Դանիել Դավթյանը գլխի նմանատիպ վնասվածքներ է ստացել եւ այս պահին չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ ոտքը: Դանիելն առայժմ ռազմական հոսպիտալում է, սակայն մոտ ապագայում նախատեսում են նրան տեղափոխել վերականգնողական կենտրոն:



© NEWS.am Medicine