Շագանակագեղձի քաղցկեղի 9 վաղ ախտանիշ

17:34   6 հունիսի, 2016

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում երկարատեւ վերականգնման մեծ շանսեր կան, սակայն քանի որ այդ հիվանդության առաջին նշանները դժվար է նկատել, մարդիկ դրանց վրա ուշադրություն չեն դարձնում եւ արդյունքում հիվանդությունը շատ ուշ է հայտնաբերվում, երբ արդեն անցնում է այլ օրգանների: 

Ահա շագանակագեղձի քաղցկեղի մի քանի վաղ նշան 

1. Միզելու հաճախակի ցանկություն, հատկապես` գիշերը 

2. Միզելու դժվարություն

3. Մեզի հոսքը կանգնեցնելու անհնարինություն

4. Կանգնած դիրքում միզելու դժվարություն: 

5. Հազալիս կամ ծիծաղելիս մեզը պահելու անհնարինություն 

6. Միզելիս այրոցի զգացում

7. Ցավոտ սերմնաժայթքում

8. Արյուն մեզի կամ սերմնահեղուկի մեջ 

9. Թիկունքի ստորին հատվածում կամ կոնքերում ցավ կամ նեղվածություն

Այս բոլոր ախտանիշները կարող են ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղ մատնանշել, այլեւ միզարտադրական համակարգում վարակ կամ շագանակագեղձի մեծացում: Շագանակագեղձի վարակը կամ հիպերպլազիան կյանքին չեն սպառնում, բայց շագանակագեղձի քաղցկեղը շատ վտանգավոր է, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս բժշկի դիմել վերոհիշյալ ախտանիշների առկայության դեպքում: Նրանց խոսքով, ավելի լավ է ավելորդ անգամ հետազոտվել եւ բացառել քաղցկեղը, քան թույլ տալ, որ սկսվի եւ չափազանց ուշ հայտնաբերել: 

Մաուո կլինիկայի մասնագետները հիշեցնում են, որ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է 50 տարեկանից հետո, այդ պատճառով 40 տարեկանից մեծ տղամարդկանց խորհուրդ են տալիս տարին մեկ շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտություն անցնել: Այդ սքրինինգները հատկապես կարեւոր են տղամարդկանց համար, որոնց ընտանիքում արդեն գրանցվել են շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր:



© NEWS.am Medicine