4 հիվանդություն, որոնք Հայաստանում եւ աշխարհում ամենից շատ կյանք են խլում

22:42   7 հունիսի, 2016

Վարակիչ հիվանդությունների ժամանակաշրջանը, թվում է, անցյալում է մնացել եւ այսօր աշխարհում մահերի մեծամասնության պատճառ են դառնում ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք օրական ավելի քան 40 մլն մարդ են սպանում: 4 հիվանդություն առավելագույն քանակությամբ կյանքեր են խլում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Դրանց մասին պատմել են Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը եւ Դիանա Անդրեասյանը Առողջապահության ազգային ինստիտուտից: 

1. Սրտանոթային հիվանդություններ

Հայաստանում բոլոր մահերի մոտավորապես 48 տոկոսի պատճառը սրտանոթային համակարգի հիվանդություններն են: Տարբեր երկրներում այդ հիվանդությունները տարեկան մահերի մինչեւ 85 տոկոսի պատճառ են դառնում: 

Այդ հիվանդությունների եւ դրանց հետեւանքով մահերի մեծամասնությունը կարելի է կանխարգելել առողջ ապրելակերպի օգնությամբ, սակայն շատ մարդիկ չգիտեն այդ մասին կամ ուղղակի անտեսում են սննդի, շարժման եւ վնասակար սովորույթներից հրաժարման դերը: 

2. Չարորակ նորագոյացություններ

Չարորակ նորագոյացություններով հիվանդացումը եւ դրանց հետեւանքով մահացությունն այսօր աճում է շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում: Հիվանդացման աճի մեջ ամենից հաճախ իր դերը խաղում է նույն` անառողջ ապրելակերպը, իսկ քաղցկեղի հետեւանքով մահացությունը աճում է դրա ուշ հայտնաբերման հետեւանքով. շատ մարդիկ սովորություն չունեն կանխարգելիչ հետազոտման գնալու եւ նրանց քաղցկեղը հայտնաբերում են ուշ փուլերում, երբ այն արդեն գործնականում ենթակա չէ բուժման: 

Հետաքրքիր է, որ Հայաստանում տղամարդկանց շրջանում ամենաբարձր հիվանդացումը եւ մահացությունը թոքերի քաղցկեղից է, որի զարգացումը դեպքերի մեծ մասում կախված է ծխելու հետ` ակտիվ եւ պասիվ: Կանանց շրջանում առավել տարածված են կրծքի եւ արգանդի վզիկի քաղցկեղները: 

3. Բարդություններ շաքարային դիաբետի հետեւանքով

Դիաբետով հիվանդների մոտ 80 տոկոսը 2-րդ տեսակի դիաբետ ունի, այսինքն` կյանքի ընթացքում ձեռք բերված: Ավելորդ քաշի եւ ճարպակալման առկայությունը, ինչպես նաեւ անառողջ կենսակերպը կարող են հանգեցնել դիաբետի այդ տեսակի զարգացման:  

4. ԹԽՕՀ

Թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը վտանգավոր հիվանդություն է, որի զարգացումը կապված է նաեւ կենսակերպի հետ` ծխելու, վտանգավոր պայմաններում եւ քիմիական նյութերի հետ աշխատելու: 

Ծաղիկ Վարդանյանը հիշեցրել է, որ ուղիղ կապ գոյություն ունի երկրի տնտեսական վիճակի եւ վարակիչ հիվանդություններից մահացության հետ. մահացության 10 տոկոսով ավելացումը 0.5 տոկոսով նվազեցնում է երկրի տնտեսական աճը:



© NEWS.am Medicine