Ֆրանսիացի հայտնի բժիշկը խորհրդատվություններ եւ վիրահատություններ է իրականացնում «Նաիրի» ԲԿ-ում

21:46   8 հունիսի, 2016

Ամբողջ աշխարհում կրծքի քաղցկեղի վաղ փուլերում ընդունված է կատարել օրգանպահպան վիրահատություններ, այդ թվում` ավշային հանգույցների պահպանմամբ, եթե դրանք ախտահարված չեն: Նման վիրահատությունները կանանց հնարավորություն են տալիս պահպանել կուրծքը, արագ  վերականգնվել եւ խուսափել կողմնակի հետեւանքներից` մկանների թուլացումից եւ լիմֆեդեմայից:

Բայց այդ վիրահատությունները մի շարք առանձնահատկություններ ունեն. դրանք կատարվում են  քաղցկեղի ամենավաղ փուլերում, քանի դեռ ուռուցքը չի շոշափվում,  հատուկ ուշադրություն է դարձվում ավշային հանգույցներին: Այն մասին, թե դա ինչպես է արվում Ֆրանսիայում եւ ինչ կարող են անել Հայաստանում NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Hopital Prive Nord Parisien կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Կարոլին Դենո Սփեյերը, որը այս օրերին խորհրդատվություններ եւ վիրահատություններ  է իրականացնում «Նաիրի» ԲԿ-ում:

Ըստ նրա,  կախված  ուռուցքի տարածվածությունից` վիրահատությունը կատարվում է պահպանելով կուրծքը. հեռացվում են միայն ուռուցքը  եւ շուրջն ընկած հյուսվածքները:  Մինչեւ վիրատությունը նախ գնահատվում  են ավշային հանգույցները: Վիրահատության մեկնարկից առաջ, անեսթեզիայից հետո,  կրծքագեղձի մեջ գունավորող նյութ է  ներարկվում (մեթիլենային կապույտ): Այն ավշի շրջանառման քարտեզ է ստեղծում, որը ցույց է տալիս քաղցկեղի տարածվածությունը  եւ ավշային` այսպես կոչված պահակային հանգույցի քաղցկեղային բջիջների առկայությունը: 

Վիրահատության ընթացքում պահակային ավշային հանգույցի հյուսվածքաբանական  հետազոտություն է իրականացվում: Եթե պատասխանը  բացասական է, ապա  հիվանդի թեւատակերի ավշային հանգույցները չեն հեռացվում: Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից` ձեռքի մկանների թուլացումից  եւ լիմֆեդեմայից: Իսկ եթե պահակային հանգույցը քաղցկեղային բջիջներ է պարունակում, բոլոր ավշային հանգույցները հեռացվում են: 

Կարոլին Դենո Սփեյերը պատմել է, որ արդեն երկրորդ օրն է «Նաիրի» ԲԿ-ում  ընդունում է հայաստանցի  հիվանդներին, որոնց մեծամասնության մոտ ուռուցքները արդեն բավական տարածվել են:

Ֆրանսիացի բժիշկը հայ կանանց կոչ է անում առավել  պատասխանատու վերաբերվել սեփական առողջությանը` պարբերաբար դիմել համապատասխան մասնագետների, անցնել անհրաժեշտ հետազոտություններ:

«Նաիրի» ԲԿ տնօրինության նախաձեռնությամբ Ֆրանսիացի հայտնի բժիշկ-ուռուցքաբան Կարոլին Դենո Սփեյերի խորհրդատվությունները իրականացվում են անվճար:

 

 



© NEWS.am Medicine