Ամերիկյան քնաբանության ակադեմիան (American Academy of Sleep Medicine, AASM) պաշտոնական փոխզիջումային հանձնարարականներ է ներկայացրել քնի այն տեւողության վերաբերյալ, որն անհրաժեշտ է տարբեր տարիքի երեխաների առողջ զարգացման համար: Այդ մասին հայտնում է կազմակերպության կայքը:
Բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել այս նորմերին. 4-ից 12 ամսական նորածինները` օրական 12-16 ժամ, մեկից երկու տարեկան երեխաները` 11-14 ժամ, երեքից հինգ տարեկան երեխաները` 10-13 ժամ, 6-ից 12 տարեկան երեխաները` 9-12 ժամ եւ անչափահասները` օրական 8-10 ժամ:
Մշակված հանձնարարականները 10-ամսյա նախագծի արդյունքն են, որի շրջանակում փորձագետների խումբն ուսումնասիրել է 864 հրապարակված գիտական հոդված, որոնք վերաբերում են երեխաների քնի տեւողության եւ առողջության փոխկապվածությանը, գնահատել է ապացույցներն ըստ դասակարգման ֆորմալ համակարգի, ինչից հետո քվեարկությունների երեք փուլի ընթացքում միասնական կարծիք է ձեւավորել:
Կանոնավոր եւ որակյալ քունը բարելավում է երեխաների ուշադրությունը, պահվածքը, հիշողությունը, հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը, բարելավում է ուսման հաջողությունները: Քնի պակասը բացասաբար է ազդում կյանքի վերոհիշյալ կողմերի վրա, ինչպես նաեւ մեծացնում է դժբախտ դեպքերի, վնասվածքների, հիպերտոնիայի, ճարպակալման, դիաբետի եւ դեպրեսիայի ռիսկը: Բացի այդ, աճում է ինքնասպանական մտքերի առաջացման եւ հենց ինքնասպանության փորձերի ռիսկը:
Իմիջիայլոց, խորհուրդ տրվող ժամանակից ավելի երկար քնելը եւս վնասակար է առողջության համար: Դա եւս կարող է հանգեցնել հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, ճարպակալման եւ հոգեկանի հետ կապված խնդիրների:
«Քունն առողջ կյանքի անբաժանելի մասն է, եւ ծայրաստիճան անհրաժեշտ է վաղ մանկությունից առաջ մղել քնի տեւողության հետ կապված առողջ սովորույթներ, նշել է բժիշկ Շալինի Պարուտհին (Shalini Paruthi): Դա հատկապես կարեւոր է, երբ երեխաները պատանեկան տարիքի են հասնում, որովհետեւ մենք պետք է վստահ լինենք, որ նրանք քնի բավարար քանակություն կստանան»: