Դեպրեսիային նվիրված DepNet կայքն այսուհետ հայկական տարբերակ ունի

16:56   17 հունիսի, 2016

Դեպրեսիան այսօրվա դրությամբ առողջապահական եւ ժողովրդագրական լուրջ խնդիր է, որովհետեւ աշխարհում ինքնասպանությունների հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում, իսկ ինքնասպանությունից մահացած մարդկանց թիվն արդեն գերազանցում է պատերազմների եւ աղետների զոհերի թիվը: Այդ մասին հունիսի 17-ին դեպրեսիային նվիրված www.depnet.org կայքի հայալեզու տարբերակի շնորհանդեսին հայտնել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: 

Կայքը The Expert Platform on Mental Health – Focus on Depression հարթակի զավակն է եւ Երեւանում շնորհանդեսին ներկա էին հարթակի նախագահ Ժոզեֆ Զոհարը, ինչպես նաեւ Եվրոպական նեյրոհոգեդեղագործության կոլեգիայի (ECNP) գործադիր տնօրեն Ալեքսանդր Շուբերտը:

Երեւանի բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մելիք-Փաշայանը հայտնել է, որ այսօր աշխարհում 350 մլն մարդ դեպրեսիայով է տառապում, իսկ 2020-ին, ԱՀԿ-ի կանխատեսմամբ, այդ հիվանդությունն աշխարհում առաջին տեղը կզբաղեցնի: Հայաստանում, նրա խոսքով, աֆեկտային խանգարումները, վիճակագրության համաձայն, բոլոր խանգարումների 4 տոկոսն են կազմում, բայց այդ թիվը չի համապատասխանում իրականությանը մասնագետներին ցածր դիմելիության պատճառով: 

Ներկայացնելով կայքը, նա նշել է, որ դրա հիմնական գործառույթը դեպրեսիայի վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության մեծացումն է: Նա նշել է, որ  դեպրեսիայով մարդիկ մշտապես բախվում են տաբուի եւ խարանի եւ միայն  հասարակության լայն շերտերի տեղեկացվածության շնորհիվ հնարավոր կլինի վերջ դնել հոգեկան սպեկտրի խանգարումներով ընդհանուր առմամբ եւ մասնավորապես` դեպրեսիայով տառապող մարդկանց խարանմանը: Նա հավելել է, որ կայքը հետագայում նաեւ ինտերակտիվ բաղադրիչ կունենա:  

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանը ավելի անմխիթար թվեր է մեջբերել. 2020-ին աշխարհը 8 մլրդ բնակչություն կունենա, նրանցից 1 մլրդը կտառապի դեպրեսիայով եւ ինքնասպանությունները կդառնան մահացության երկրորդ պատճառը:  Այնպես որ, նրա խոսքով, դեպրեսիայի դեմ պայքարը ազգային անվտանգության հարց է: Նա հիշեցրել է ամերիկյան մի գիտնականի կարծիքը, թե եթե մարդկությունը ոչնչանա, դա կլինի ոչ թե ՁԻԱՀ-ից, այլ դեպրեսիայից:  

The Expert Platform on Mental Health – Focus on Depression հարթակը նաեւ հատուկ մեդիա-մրցանակ ունի, որը հանձնվում է խարանի եւ կարծրատիպերի դեմ պայքարի գործում ներդրման համար: Հայաստանում մրցանակը հանձնել են «Շանթ» հեռուստաալիքի «Մի վնասիր» հաղորդման տնօրեն Դավիթ Պետրոսյանին:

 



© NEWS.am Medicine