19:38 20 հունիսի, 2016Այն միայնակ մայրերը, որոնք ստիպված են աշխատել, 40 տոկոսով ավելի հաճախակի են բախվում սրտի հիվանդությունների եւ 74 տոկոսով ավելի հաճախ` ուղեղի կաթվածների ամուսնացած կանանց համեմատ, զգուշացնում են Erasmus University Medical Center-ի գիտնականները (Նիդերլանդներ):
Նրանք հետազոտել են 1935-ից 1956 թթ-երի արանքում ծնված Եվրոպայից գրեթե 11 000 եւ ԱՄՆ-ից 6000 կնոջ առողջական վիճակի, մասնագիտության եւ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը: Պարզվել է, որ միայնակ մայրերի քանակը ԱՄՆ-ում գրեթե կրկնակի ավելի մեծ է, քան Եվրոպայում: Այսպես, Ամերիկայում աշխատող կանանց 11 տոկոսը միայնակ մայր է դարձել իր կյանքի ինչ-որ ժամանակահատվածում եվրոպացի կանանց ընդամենը 5 տոկոսի համեմատ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ մայրերն անհամեմատ ավելի հաճախակի են բախվել սրտի հիվանդությունների եւ ուղեղի կաթվածի, ավելին, նրանք 77 տոկոսով ավելի հաճախակի են ծխում, քան այն կանայք, որոնք ամուսնացած են կամ զուգընկերական հարաբերություններում, իսկ ծխելն իր հերթին ընդամենը մեծացնում է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Զուգընկերոջ կողմից աջակցության բացակայությունը եւս կարող է լրացուցիչ սթրես առաջացնել, ինչը հանգեցնում է անառողջ սովորույթների զարգացման եւ վատացնում է միայնակ մայրերի առողջությունը:
Հետազոտողներն ընդգծել են, որ աշխատանքը եւ ընտանիքն օգնում են ֆինանսական եւ սոցիալական ավելի մեծ անվտանգություն ապահովել, ինչը դրականորեն է ազդում կանանց առողջության վրա: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ սրտի հիվանդությունների եւ ուղեղի կաթվածի բարձր ռիսկ չի դիտարկվում այն միայնակ մայրերի մոտ, որոնք ստիպված չեն լինում աշխատել, որովհետեւ նախկին զուգընկերներից կամ ամուսիններից ալիմենտ են ստանում կամ էլ եկամտի այլ աղբյուրներ ունեն: