Ինչու է շոգը վտանգավոր սրտի համար

13:47   28 հունիսի, 2016

Օդի ջերմաստիճանի ցանկացած ցատկ բացասաբար է ազդում մեր սրտանոթային համակարգի վրա, բայց ամենից վտանգավորը շոգն է: Սրտաբան Ալբերտ Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Քլիվլենդում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ցուրտն առանձնապես չի ազդում սրտի հետ կապված պատճառներով մահացության վրա, սակայն շոգին մահացությունն աճում է  2-3 անգամ:

Ինչու է շոգն այդքան վտանգավոր մեր սրտի համար 

Մասնագետը նշել է, որ շոգին մեր անոթներն ընդլայնվում են, ինչի արդյունքում ճնշումն ընկնում է եւ սիրտը ստիպված է լինում ավելի ծանր աշխատել, որ հասցնի օրգաններին արյուն եւ թթվածին մատակարարել: Եթե սիրտը հիվանդ է, այդ ծանրաբեռնվածությունը կարող է նրան լուրջ վնաս հասցնել եւ մի շարք բարդացումներ, երբեմն նույնիսկ` մահացու: 

Ինչպես է հնարավոր շոգին պաշտպանել սիրտը

Նախ եւ առաջ, սրտաբանը խորհուրդ է տալիս խուսափել շոգից եւ ջանալ առանց անհրաժեշտության ցերեկը տնից դուրս չգալ, հատկապես ժամը 12-ից 17-ին, երբ արեւն ամենից ավելի վառ է լուսավորում:

Եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է ինչ-որ տեղ գնալ, ցանկալի է ազատ հագուստ կրել եւ գլուխը լայնեզր գլխարկով ծածկել: 

Եթե հակացուցումներ չկան, ցանկալի է շատ ջուր խմել` օրական   2-2.5 լ, իսկ սննդակարգում ներառել մրգեր եւ բանջարեղեն: 

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությունն ավելի լավ է նվազեցնել, բայց չարժե ամբողջությամբ հրաժարվել դրանից, ընդգծել է մասնագետը, չէ որ հիպոդինամիան սրտի հիվանդությունների ռիսկի գործոններից մեկն է: 

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս գիշերն օդորակիչ չմիացնել, փոխարենը բացել պատուհանները եւ դռները: Նրա խոսքով, միացված օդորակիչի պայմաններում հեշտությամբ հնարավոր է սառել, ինչը բոլորովին չի նպաստի առողջության ամրապնդմանը եւ սրտի աշխատանքի բարելավմանը:

 



© NEWS.am Medicine