Ի՞նչ անել ցածր ճնշման դեպքում

21:37   1 հուլիսի, 2016

Հիպերտոնիան հանրային առողջապահության ոլորտում լրջագույն խնդիրներից մեկն է, չէ որ բարձր ճնշում ունեցող մարդկանց թիվն ամեն տարի աճում է, դրա հետ միասին աճում է նաեւ իր ճնշման պատճառով լուրջ խնդիրների բախվող մարդկանց թիվը: Հիպերտոնիայի մասին այսօր շատ տեղեկություններ կարելի է գտնել, սակայն քչերն են խոսում հակառակ խնդրի մասին` ցածր ճնշման:  

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին` սրտաբան Ալբերտ Զորաբյանը պատմել է, թե արդյոք ցածր ճնշումով մարդիկ ինչ-որ բան պետք է անեն եւ որքանով է վտանգավոր այդ ճնշումը: 

Որքանո՞վ է վտանգավոր  ցածր ճնշում ունենալը: 

Մասնագետը նշել է, որ եթե ճնշումը ցածր է, դա որեւէ հիվանդության ախտանիշ չէ, այլ ընդամենը մարդու սովորական վիճակը, եթե նա ուշաթափություններ չի ունենում եւ իրեն լավ է զգում, ցածր ճնշման մեջ ոչ մի վտանգավոր բան չկա: Հիպերտոնիան` բարձր ճնշումը, անհամեմատ ավելի վտանգավոր է, չէ որ այն կարող է մի շարք խնդիրների եւ բարդությունների հանգեցնել, որոնց թվում են սրտի հիվանդությունները, ուղեղի կաթվածները եւ սրտի կաթվածները: 

Ի՞նչ անել ցածր ճնշման դեպքում:

Ցածր ճնշում սովորաբար լինում է նրանց մոտ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում ոտքի վրա: Եթե Դուք շատ եք կանգնում եւ եթե ցածր ճնշումն անհանգստացնում է Ձեզ, փորձեք մի քիչ պառկել, խորհուրդ է տալիս մասնագետը: 

Լավ միտք է նաեւ ավելի շատ հեղուկ, ինչպես նաեւ կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելը  (որոնք բարձր ճնշման դեպքում սովորաբար հակացուցված են): Շոգին ցածր ճնշման դեպքում կարելի է նաեւ կանաչ թեյ խմել, դրանում պարունակվող նյութերն օգնում են կարգավորել ճնշումը: 

Իսկ ցածր ճնշման դեմ դեղեր խմելը, նշում է մասնագետը, անցանկալի է:



© NEWS.am Medicine