Կաթնային բացառիկ կոկթեյլը կօգնի նիհարել

17:09   3 հուլիսի, 2016

Կաթնային բացառիկ կոկթեյլը, որը բջջանյութ է պարունակում, կարող է  «անջատել» վնասակար սնունդ ուտելու ցանկությունը եւ օգնել նիհարել:

Խմորե եւ ճարպոտ մթերքների  (շոկոլադ, պիցցա եւ այլն) անզուսպ հակումն առաջանում է մարդու ուղեղում, սակայն գիտնականները պնդում են, որ այդ հակումը կարելի է կարգավորել խտանյութի օգնությամբ, որը ստեղծվում է աղիքում բակտերիաների արտադրած մոլեկուլի հիմքի վրա:  

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Գլազգոյի համալսարանի հետազոտողները հետազոտության շրջանակում 20 կամավորի խնդրել են կաթնային կոկթեյլներ օգտագործել, որոնք կամ էստեր ինուլին-պրոպիոնատ անունով նյութ էին պարունակում, կամ էլ ինուլին անունով մանրաթելերի տարատեսակ:  Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ աղիներում բակտերիաները նպաստում են պրոպիոնատ անունով բաղադրիչի արտազատմանը, իսկ ուղեղին ախորժակի նվազման ազդանշան են ուղարկում: 

Պարզվել է, որ էստեր ինուլին-պրոպիոնատը աղիներում պրոպիոնատի անհամեմատ ավելի մեծ քանակություն է առաջացնում, քան ինուլինը միայնակ: Կաթնային կոկթեյլների օգտագործումից հետո հետազոտության մասնակիցները ՄՌՏ սկանավորում էին անցել, երբ նրանց ցուցադրել էին տարբեր ցածր կալորիական եւ բարձր կալորիական մթերքների նկարներ: Գիտնականները պարզել են, որ էստեր ինուլին-պրոպիոնատով կաթնային կոկթեյլների օգտագործման դեպքում կամավորների մոտ ուղեղի հատվածներում խրախուսման հետ կապված ավելի փոքր ակտիվություն էր դիտարկվում, քան երբ նրանք բարձրկալորիական մթերքների էին նայում: 

Այսպիսով, գիտնականների խոսքով, էստեր ինուլին-պրոպիոնատի պարունակությամբ կաթնային կոկթեյլները կարող են նվազեցնել մարդու ախորժակը, քաղցր եւ ճարպոտ սնունդ ուտելու նրա ցանկությունը, ինչը նրան կօգնի ավելի հեշտորեն ազատվել ավելորդ քաշից:



© NEWS.am Medicine