Էրեբունի ԲԿ-ում առաջիկայում կկատարեն նաեւ ուսահոդի էնդոպրոթեզավորում

18:51   2 հուլիսի, 2016

Էրեբունի ԲԿ-ում առաջիկայում կկատարեն նաեւ ուսահոդի էնդոպրոթեզավորում։ Այս վիրահատությունը մինչ այժմ կենտրոնում չէր կատարվում, սակայն գերակա խնդիր է վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան Հայկ Գյուլզադյանը:

Բաժանմունքն արդեն ձեւավորված բազմամյա ավանդույթներ ունի: Այստեղ ամեն տարի բարձրակարգ բուժօգնություն են ստանում օրթոպեդիկ ու հենաշարժողական համակարգի տարբեր վնասվածքներով հազարավոր հիվանդներ, կատարվում են տարաբնույթ օրթոպեդիկ վիրահատություններ, օրինակ, ծնկան և կոնք-ազդրային հոդերի էնդոպրոթեզավորում, առաջնային եւ ռեւիզիոն արթրոպլաստիկաներ: Հայկ Գյուրզադյանի կարծիքով, էնդոպրոթեզավորման կարիք ունեցող հիվանդների թիվն իրականացվող վիրահատությունների թվից անհամեմատ մեծ է: Եվ եթե լուծվի հոդերի էնդոպրոթեզավորման ֆինանսավորման հարցը` վիրահատությունների կտրուկ աճ կլինի:

Բաժանմունքի աշխատանքում հատուկ տեղ են զբաղեցնում խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատությունները, որոնց դեպքում հոդը կազմող կառուցվածքների վիճակի գնահատումը եւ նրանց վրա վիրաբուժական միջամտությունները կատարվում են ընդամենը փոքրիկ անցքերով՝ էլեկտրոնային օպտիկական եւ շատ նուրբ մեխանիկական գործիքների օգնությամբ:

Արթրոսկոպիան լայնորեն կիրառվում է ծնկան, ուսային եւ սրունք-թաթային հոդերի տարբեր հիվանդությունների, տրավմատիկ ախտահարումների դեպքում, օրինակ ներհոդային մենիսկների պատռվածքների ժամանակ կատարվում է մասնակի հեռացում, իսկ որոշ դեպքերում նաեւ` կարում:

Հայկ Գյուլզադյանի կարծիքով, խոշոր հոդերի հիվանդությունների եւ վնասվածքների բուժման հարցում արթրոսկոպիկ վիրահատությունների դերը գնալով մեծանալու է: Այդ առումով զարգացման կարիք ունի հատկապես ուսահոդի արթրոսկոպիան:

Բարձր մակարդակով է իրականացվում նաեւ մկանաջլային համակարգի տրավմատիկ եւ դեգենարատիվ հիվանդությունների, տարբեր հոդերի սովորույթային հոդախախտերի, ոսկրային համակարգի բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների բուժումը:

Բաժանմունքի աշխատանքի կարեւոր հատվածներից մեկը ոսկրային ուռուցքների դեմ պայքարն է, որոնց դեպքում կատարվում են ինչպես վերջնական վիրահատություններ՝ ոսկրային ուռուցքը լրիվ հեռացնելով եւ փոխարինելով աուտո եւ ալլոտրանսպլանտատներով, այնպես էլ պալիատիվ վիրահատություններ, երբ առանց ախտահարման օջախը հեռացնելու` կատարվում է ոսկրաբեկորների ֆիկսացիա` մետաղական կոնստրուկցիաներով:

Ուրույն տեղ են գրավում նաեւ վերջույթների էսթետիկ վիրահատությունները:

Բժիշկ Հայկ Գյուրզադյանը վստահ է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնն առաջատար է պոլիտրավամայով հիվանդների բուժման բարդ գործում: Այստեղ հաջողության գրավականը հմուտ մասնագետներն են ու որակյալ մետաղական կոնստրուկցիաները: Բժիշկն անկեղծանում է` զինանոցում ունեն վերջին սերնդի արգելափակող հարթակներ, որոնց օգնությամբ կարողանում են դուրս գալ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից:



© NEWS.am Medicine