Կարելի՞ է գարեջուր խմել մարզումներից հետո

22:03   4 հուլիսի, 2016

Կարելի՞ է մարզումներից հետո սպիրտային ըմպելիքներ խմել եւ գարեջուր մասնավորապես: Այդ հարցին, որը սպորտով զբաղվող շատ մարդկանց է հետաքրքրում, պատասխանել է Նոթինգեմի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր բժիշկ Ֆիլիպ Աթերտոնը: 

Սպորտի այնպիսի տեսակներ, ինչպիսին վազքն է, մարդու օրգանիզմին ստիպում են շաքար եւ ճարպի պահուստներ օգտագործել մկանային ակտիվության  համար անհրաժեշտ էներգիայի ապահովման համար:  Միջինը 70 կգ քաշով վազորդը մեկ կմ-ի վրա մոտավորապես 100 կալորիա է այրում: Կես լիտր գարեջրի մեջ մոտ  200 կալորիա կա, այդ պատճառով վազքից հետո գարեջրի օգտագործումը հազիվ թե հանգեցնի ավելորդ քաշի առաջացման: 

Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ մարզումից հետո գարեջուր խմելը լավ միտք է: 

Տեւական մարզումները հանգեցնում են լյարդում եւ կմախքային մկաններում գլիկոգենի (շաքարի տարատեսակի) կրճատման: Գլիկոգենի պահուստները շատ կարեւոր են հոգնածության դեմ պայքարի եւ սպորտային ցուցանիշները պահպանելու համար:   Ահա ինչու մարզիկներին սովորաբար մեծ քանակությամբ ածխաջրերով սննդակարգ են խորհուրդ տալիս: Մարզումների ընթացքում, հատկապես շոգին,  օրգանիզմը սկսում է ջուր եւ էլեկտրոլիտներ կորցնել, այդ պատճառով մարզումներից հետո շատ կարեւոր է վերականգնել ջրային հաշվեկշիռը: Այդ նպատակի համար մարդիկ կալցիումի եւ նատրիումի նման էլեկտրոլիտներ պարունակող ըմպելիքներ են օգտագործում: Ուրեմն ինչու էներգետիկական ըմպելիքների փոխարեն գարեջուր չխմել: 

Ամբողջ հարցը ալկոհոլի պարունակությունն է: Այն օրգանիզմից հանում է ջուրը, այդ պատճառով գարեջուրը երբեք ջրային հաշվեկշիռը վերականգնելուն համապատասխանող միջոց չես կոչի: Բազմաթիվ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ալկոհոլը բացասաբար է ազդում լարված մարզումներից հետո մկանների վերականգնման գործընթացների վրա: Էլ չենք ասում լյարդի առողջության վրա ալկոհոլի երկարաժամկետ ազդեցության մասին, իսկ լյարդը գլիկոգենի հիմնական պահեստարանն է համարվում: 

Այսպես, մասնագետի խոսքով, երբեմն փոքր քանակությամբ գարեջուրը չի վնասի, բայց ալկոհոլի կանոնավոր օգտագործումը մարզիկներին հակացուցված է, ինչպես եւ այլ մարդկանց:



© NEWS.am Medicine