Ծանր վիրավորումներից հետո ողջ մնացած Վալերի Մեհրաբյանը վերականգնողական բուժում է ստանում

18:34   5 հուլիսի, 2016

Քչերն էին հավատում, որ 1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը, որն արցախյան Թալիշ գյուղի պաշտպանության ընթացքում բազմաթիվ ծանր վիրավորումեր էր ստացել, կկարողանա ողջ մնալ. նրա յուրաքանչյուր վիրավորումն ինքնին կարող էր մահացու լինել: Սակայն Վալերին ողջ մնաց եւ այսօր արդեն վերականգնողական բուժում է ստանում: 

Վալերիի ազգականը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ ներկայումս նա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում է: Առայժմ նա դժվարությամբ է քայլում` ոչ առանց ուրիշների աջակցության եւ օգնության, սակայն կարող է խոսել եւ ինքնուրույն ուտել: Ընդհանուր առմամբ, Վալերին իրեն արդեն բավականին լավ է զգում:   

Ճիշտ է, առայժմ վաղ է խոսել լիակատար առողջացման մասին, երբ նա ավելի ամրանա, նրան եւս մի քանի վիրահատություն անհրաժեշտ կլինի: Բացի այդ, նրա ողնաշարում բազմաթիվ բեկորներ են մնացել եւ մասնագետները կորոշեն, անհրաժեշտ է արդյոք հեռացնել դրանք, թե ոչ:   

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը, որտեղ Վալերին պառկել է մոտ երկու ամիս, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Վալերիին ապագայում իրոք վիրահատություններ անհրաժեշտ կլինեն, առնվազն աղիների վրա (ստոման հեռացնելու) եւ ձեռքի վրա (հեռացնելու մետաղական լարերը, որոնց օգնությամբ նրա ջարդված ձեռքն անշարժացվել է): Սակայն մասնագետի խոսքով, առայժմ վաղ է խոսել այդ վիրահատությունների մասին. Վալերին նախ պետք է ամրանա: 

Հիշեցնենք, որ Վալերին վիրավորվել է ապրիլի 4-ին, Մարտակերտի հոսպիտալում նրան վիրահատել են եւ կարել պայթած արկից վնասված լյարդը, ինչից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտ եւ ճանապարհին նա սրտի կանգ է ունեցել: Թե որքան երկար չի բաբախել այն, դժվար է ասել, ազգականների խոսքով` մինչեւ 12 րոպե: Սակայն բժիշկներին հաջողվել է  վերակենդանացնել նրան եւ ծանր վիճակում հասցնել մինչեւ Ստեփանակերտ, իսկ հետո` տեղափոխել Երեւան: 

Վալերին երկար ժամանակ կոմայում է եղել. նրա գլխում հսկայական հեմատոմա է եղել, որը վիրահատել են «Էրեբունիի» նյարդավիրաբույժները, իսկ վնասվածքաբանները օստեոսինթեզ են արել` ձեռքի ջարդված ոսկրերի ամրացում: Վալերիի մոտ բեկորային վնասվածքի պատճառով խախտվել է նաեւ հաստ աղիքի պատի սնուցումը, իսկ բժիշկները եւս մեկ վիրահատություն են կատարել եւ ստոմա են տեղադրել:



© NEWS.am Medicine