Վիրավոր Էրիկ Բաբայանին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել

20:32   5 հուլիսի, 2016

Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ընթացքում կյանքի համար վտանգավոր բազմաթիվ վնասվածքներ ստացած Էրիկ Բաբայանին արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այդ մասին NEWS.am Medicine-ին պատմել է Արմեն Մուրադյանը, որը ղեկավարում է  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը: 

Բժշկի խոսքով, Էրիկն իրեն արդեն անհամեմատ ավելի լավ է զգում, կարողանում է խոսել: Նա դեռ հեռու է լիակատար առողջացումից, սակայն դանդաղ, բայց հետեւողականորեն դեպի բարելավում է գնում: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին 27-ամյա Էրիկ Բաբայանին հիվանդանոց էին հասցրել ծայրաստիճան ծանր վիճակում, աղիների եւ ստամոքսի վնասվածքներով: Քչերն էին հավատում, որ նա կկարողանա ողջ մնալ, սակայն բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար եւ ձեռքից բաց չէին թողնում. նրան երկու անգամ աղիների վիրահատություն են կատարել, ինչպես նաեւ հեռացրել են երիկամը, ինչից հետո նրա մոտ սուր անբավարարություն սկսվեց, որը սակայն հնարավոր եղավ շտկել: Մայիսին Էրիկին   եւս մի վիրահատություն անհրաժեշտ եղավ. վիրավորվելուց հետո նա թոքի ուժեղ սալջարդ էր ստացել, որը ժամանակի ընթացքում ձախ լանջաթաղանթային խոռոչում կպումների էր հանգեցրել: Խնդիրը լուծելու համար նրան  տորակոտոմիա էին արել: 

Էրիկին դեռեւս երկու վիրահատություն պետք է անեն` կոնքազդրային հոդի պրոթեզավորում եւ աղիների վիրահատություն: Այդ վիրահատությունների ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ. մասնագետները սպասում են, որ Էրիկն այնքան ամրանա, որ կարողանա առանց խնդիրների տանել վիրահատությունները:

 



© NEWS.am Medicine