Նոր ռոբոտի վրա հնարավոր կլինի լրամշակել ռեկտալ հետազոտության տեխնիկան (ֆոտո, վիդեո)

23:49   7 հուլիսի, 2016

Imperial College London-ի մասնագետները հատուկ ռոբոտ են ստեղծել, որի վրա բժիշկները կկարողանան լրամշակել ռեկտալ հետազոտության եւ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման տեխնիկան:  

Ռոբոտի արհեստական ուղիղ աղիքը սիլիկոնից է պատրաստված. դրա ներսում ճնշումը կարող է փոխվել եւ ինչպես պաթոլոգիական գործընթաց, այնպես էլ նորմալ վիճակ խթանել:  Ռոբոտի շնորհիվ բժիշկները կկարողանան ոչ միայն կատարելագործել ռեկտալ հետազոտության տեխնիկան, այլեւս հասկանալ, թե մեծացած չափերի ենթաստամոքսային գեղձն ինչով է տարբերվում զարգացող ուռուցքից:  Բացի այդ, ռոբոտը միանում է համակարգչին, որի էկրանին երեւում է ներքին օրգանների եռաչափ պատկերը: 

Ուղիղ աղիքի հետազոտության ճիշտ անցկացումը եւ ստացված արդյունքների մեկնաբանությունը առանցքային են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման դեպքում, բայց այդ ամենի համար բժիշկներին փորձ է անհրաժեշտ: Նոր ռոբոտի նախագծողներից մեկի` Ֆերնանդո Բելլոյի խոսքով, հաստ աղիքի հետազոտության տեխնիկայի մշակման առկա մոդելներն անկատար են, իսկ բժիշկներին ոչ միշտ է հաջողվում փորձ կուտակել կամավորների շնորհիվ:  Մեծ Բրիտանիայում, օրինակ, միայն մի մարդ կա, որը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել` մասնակցելու նման պրոցեդուրաների:  

Ռոբոտացված ուղիղ աղիք ստեղծելու համար մասնագետները վերլուծել են  կամավորների ՄՌՏ-ի արդյունքները, ինչը թույլ է տվել սարքն անատոմիական առումով ճիշտ դարձնել: Ռոբոտը փորձարկվել է բժիշկների եւ բուժքույրերի կողմից, որոնք խոստովանել են, որ նման սարքն իրոք կօգնի կատարելագործել այդ հետազոտության անցկացման տեխնիկաները: 

Գիտնականների խոսքով, իրենց ստեղծած ռոբոտը կարող է այնպես փոփոխվել, որ հնարավոր դարձնի նաեւ գինեկոլոգիական հետազոտության անցկացումը:



© NEWS.am Medicine