ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը

14:26   15 հուլիսի, 2016

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր սփրեյի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար, ներարկվող ցավազրկողների փոխարեն: 

Kovanaze դեղամիջոցը, որը մշակված է կենսադեղագործական St. RenatusLLC ընկերության կողմից, հնարավոր կլինի օգտագործել, օրինակ, ատամնաբուժության մեջ: Գաղտնիք չէ, որ շատ հիվանդներ` եւ երեխաներ, եւ մեծեր, վախենում են ցավազրկողների ներարկումից, եւ դա ատամնաբույժի մոտ չգնալու հիմնական պատճառներից մեկն է: Եթե սփրեյը կարողանա այնպես ցավազրկել, ինչպես ներարկումը, շատ մարդիկ կդադարեն վախենալ ատամնաբույժներից: 

Ցավազրկող սփրեյի մշակման համար մոտ 10 տարի է պահանջվել: Մշակողների խոսքով, սփրեյն արդյունավետորեն ցավազրկում է վերին ծնոտի լինդն ու ատամները: Դեղամիջոցի օգտագործման ընթացքում հիվանդները ոչ մի տհաճ զգացողություն չեն ունենում, իսկ ինքը` դեղամիջոցը ատամների եւ ներքին այտերի քարացածություն չի առաջացնում: Այդ ամենը կօգնի ատամնաբույժի մոտ գնալը պակաս սարսափելի եւ տհաճ դարձնել: 

Սակայն դեղամիջոցը, ցավոք սրտի, չի համապատասխանում փոքր երեխաներին: Այն համապատասխանում է նրանց, ովքեր 40 կգ-ից ավելի են կշռում:



© NEWS.am Medicine